News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Սյունիքի մարզի համայնքների ղեկավարների մի մասը դեմ է Սյունիքի մարզպետի պաշտոնում Սուրիկ Խաչատրյանի վերադարձի համար մեկնարկած ստորագրահավաքին, բայց կողմ է նրա վերադարձին:

Ագարակի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ ստորագրահավաք անցկացնելու իմաստ չի տեսնում, քանի որ մարզպետի նշանակումը նախագահի եւ վարչապետի լիազորությունների շրջանակում է: Նա վստահեցրեց, որ իրենց համայնքի ճնշող մեծամասնությունը  ցանկանում է Սուրիկ Խաչատրյանի վերադարձը, բայց ստորագրահավաք կազմակերպելը ոչ նորմալ վիճակ է ստեղծում, քանի որ եթե ցանկանա. մյուս կողմն էլ կարող է ստորագրություններ հավաքել: «Որ գրում են, թե մարզում չեն ուզում ինքը վերադառնա, նման բան չկա, ավելի շատ ուզում են, քան չեն ուզում: Ես աշխատել եմ, տեսել եմ իր ղեկավարի հատկանիշները, չեմ ասում ուրիշ թեկնածու չի կարող լինել, բայց ուրախ կլինեմ, որ ինքը լինի: Անկախ նրանից, որ ողբերգություն է եղել եւ այլն, բայց մենք առաջընթաց էլ ենք գրանցել աշխատանքի մեջ: Մենք շատ համերաշխ համայնք ենք, կամ բոլորով կողմ ենք, կամ դեմ, ես ձեզ վստահեցնում եմ, որ ճնշող մեծամասնությունը կողմ է նրա վերադարձին»,-վստահեցրեց համայնքապետը:

Իսկ Մեղրիի քաղաքապետ Արշավիր Հովհաննիսյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը կմասնակցի ստորագրահավաքին որպես քաղաքացի: «Ես իրավունք չեմ վերապահում ինձ խոսելու մարզի անունից, բայց ինչքան նկատում եմ՝ մեր քաղաքի 90 տոկոսը  կողմ է նրա վերադարձին»,-նշեց նա:

Քաջարանի քաղաքապետ Վարդան Գեւորգյանը եւս ստորագրահավաք անցկացնելու իմաստը չի տեսնում, թեեւ կողմ է Սուրիկ Խաչատրյանի վերադարձին:

«Մարզպետի պաշտոնում նշանակելը հանրապետության նախագահի, վարչապետի լիազորություններն է, ստորագրություն հավաքենք, որ ինչ անենք: Դա ճիշտ չի, հանրապետության նախագահի վրա ազդել մի ստորագրությամբ, ճիշտ չէ: Սյունիքի մարզպետը պետական լիազոր մարմնի ներկայացուցիչ է, որը ներկայացնում է  նախագահի քաղաքականությունը, հիմա էսօր էդ ստորագրողներից մեկը կարող է հոգեկան հիվանդ լինի, մեկը հանցագործ, մեկը՝ ավազակ,  լավ, տանենք, էս մարդկանց ասենք՝ մենք ստորագրել ենք, 95 տոկոսը կողմ է, որ իրեն նշանակեն: Ես համոզված եմ, որ Սուրեն Խաչատրյանը միանշանակ նշանակվելու է, եւ մենք միասին աշխատելու ենք, դեռ լիքը անելիքներ ունենք: Բայց էսօր մենք մեր ապագա ղեկավարին պաստավկա ենք անում, կարող է մեկին դիտողություն անի հետագայում իր թերացումների համար, նա էլ ասի՝ ես ստորագրել էի էդ ժամանակ, ինչի՞ եք նման բաներ անում»,-ասաց քաղաքապետը: Նա վստահ է, որ Սուրիկ Խաչատրյանը Սյունիքում դեռ ասելիքներ, անելիքներ ունի եւ դեռ իր աստեղային ժամը կապրի:

Տպել
Ամենաշատ