News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Վրաստանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Յուրի Վարդանյանը իր՝ կարմիր կիսանդրավարտիքով, ծանրաձող բարձրացնելիս նկարը գեղեցիկ շրջանակի մեջ նվիրել է ոչ միայն Վրաստանի Արտաքին գործերի նախարարին, այլեւ Վրաստանի նախագահին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Յուրի Վարդանյանը:

Նա նշեց, որ դրանից բացի՝ Վրաստանի բարձրաստիճան պաշտոնյաններին առաջին հանդիպմանը այլ սիմվոլիկ նվերներ էլ է տարել՝ կոնյակ, գինի եւ քաղցրավենիք, բայց մեծ ուրախությամբ հենց իր պատկերով նվերն են ընդունել: Դեսպանն ասաց, որ իր պատկերով նման շրջանակներից շատ ունի, այցեքարտի նման բան են: «Այն, ինչ ես սպորտում արել եմ, փաստ է բոլորի համար եւ սպորտից հետո՝ անկախ նրանից, թե իմ կյանքը ինչպես կընթանար, ես հո չէ՞ի մոռանալու, որ սպորտսմեն եմ: Դեսպան լինեի, թե ֆիզկուլտուրայի ուսուցիչ, հո չէ՞ի մոռանալու, որ սպորտսմեն եմ եւ այդ հաջողությունները ունեցել եմ: Եթե դեսպան եմ, այդտեղ էլ չպետք է մոռանամ, որ ես Յուրի Վարդանյանն եմ»,-ասաց դեսպանը:

Նա նշեց, որ կարող էր թանկարժեք կոնյակ նվիրեր բայց քանի որ արտգործնախարարը կին է, ճիշտ համարեց գինի նվիրելը, երկրորդ անգամ հնարավոր է կոնյակ տանի: Դեսպանն ասաց, որ շատ ջերմ հանդիպում են ունեցել եւ բացի դիվանագիտական թեմաներից, արտգործնախարարը խոսեց նաեւ Յուրի Վարդանյանի՝ իրենց սպորտաշխարհին օգնելու, ներդրում ունենալու հնարավորության մասին: 

«Նույն բանը նախագահին եմ նվիրել,  նույն նկարը իրեն եմ տվել, եւ եթե ընդհանրապես նախագահի մոտ մնում են 10-12 րոպե, ես մնացել եմ մոտ ժամուկես, այդ ընթացքում ոնց որ ես անհարմար զգայի, որ այդքան նրան զբաղեցնում եմ, իսկ նախագահը անընդհատ հարցեր էր տալիս, հետաքրքրվում,  ես եմ այդ մարդուն ասում՝ պարոն նախագահ, չէի ուզենա ձեր ժամանակը չարաշահել, ես ինքս եմ առաջարկել վերջացնել այդ հանդիպումը»,-ասաց դեսպանը: 

Օգտվելով առիթից՝ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախկին նախարար, լեգենդար մարզիկ Յուրի Վարդանյանը շնորհավորեց մեր մարզիկներին հաղթանակի կապակցությամբ:

Նշենք, որ «Ժողովուրդը» գրել էր, թե  Յուրի Վարդանյանը Վրաստանի արտգործնախարարի հետ իր առաջին պաշտոնական հանդիպման ժամանակ Մայա Փանջիկիձեին նվիրել է իր պատկերը՝ գեղեցիկ շրջանակի մեջ, լեգենդար կարմիր կիսավարտիքով՝ ծանրաձողը բարձրացնելիս:

Տպել
Ամենաշատ