Չինաստանը մտադիր է հինգ տարվա ընթացքում 20 մլրդ դոլար ներդնել Հնդկաստանի տնտեսությունում: Այս մասին նշված է հնդկա-չինական Առեւտրատնտեսական կապերի զարգացման հնգամյա ծրագրում, որը հաստատվել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի եւ ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինի հանդիպման արդյունքում, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
«Ծրագիրը պետք է նպաստի Չինաստանի եւ Հնդկաստանի միջեւ առեւտրատնտեսական կապերի կայուն եւ հավասարակշռված զարգացմանը»,- մատնանշվում է փաստաթղթում:
Բանակցությունների արդյունքում ընդհանուր առմամբ ստորագրվել է 15 փաստաթուղթ: Պայմանավորվածությունները նախատեսում են նաեւ Հնդկաստանում ճեպընթաց երկաթուղիների կառուցման հնարավորությունն ուսումնասիրող մեխանիզմի ստեղծում:
Չինաստանի զարգացման բանկը եւ Գուջարաթի Արդյունաբերության զարգացման բյուրոն իրենց հերթին պայմանավորվել են, որ բյուրոն կսատարի չինացի ներդրողներին անհրաժեշտ թույլտվությունների ստացման եւ Գուջարաթի արդյունաբերական պարկերում ենթակառուցվածքի հետագա զարգացման հարցում: