News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Վաղը՝ սեպտեմբերի 19-ին, պաշտոնապես կմեկնարկի «Գրական տապան 2014» միջազգային փառատոնը: Փառատոնի բացման արարողությունը տեղի կունենա Գաֆեսճյան արվեստի կենտրոնի հատուկ հանդիսությունների սրահում՝ ժամը 16.00-ին: Բացման արարողության ընթացքում տեղի կունենա նաեւ «Գրական տապան 2013» փառատոնից հետո գրված ստեղծագործությունների ժողովածուի շնորհանդեսը:

Այս տարի «Գրական տապանը» հյուրընկալել է գրողների եւ բանաստեղծների՝ աշխարհի 11 երկրներից:  Փառատոնի աշխատանքներին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել գրողներ Ֆրանսիայից, Իտալիայից, Խորվաթիայից, Ռուսաստանից, Լեհաստանից, Մեծ Բրիտանիայից, Դանիայից եւ այլ երկրներից:

Հայ գրչակիցների ընկերակցությամբ՝ փառատոնի արտասահմանցի մասնակիցները կշրջեն Հայաստանի տեսարժան վայրերում, մասնագիտական քննարկումներ կունենան եւ վարպետաց դասընթացներ կանցկացնեն երեւանյան բուհերում:

Փառատոնը կշարունակվի մինչեւ սեպտեմբերի 28-ը: Այդ ընթացքում նախատեսված են նաեւ մարզային այցելություններ՝  Օշական, Զվարթնոց, Էջմիածին, Տաթեւ:

Սեպտեմբերի 19-ին ժամը 11.00-ին ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի Եղիշե Չարենցի անվան դահլիճում բրիտանացի հանրահայտ գրող Մեգ Ռոզոֆը կհանդիպի ուսանողների հետ ու կանցկացնի վարպետության դաս «Creative Writing» թեմայով: Հանդիպումը կանցկացվի անգլերեն:

Փառատոնի շրջանակում սեպտեմբերի 26-ին՝ ժամը 15.00-ին, Երեւանի Կամերային թատրոնում իր ընթերցողների հետ կհանդիպի լեհ հանրաճանաչ գրող Յանուշ Լեոն Վիշնեւսկին, ով այս տարի Հայաստան է եկել հատուկ ծրագրով. սեպտեմբերի 27-ին Երեւանի Ռոյալ Թուլիփ Գրանդ հյուրանոցում (նախկին` Գոլդեն Թուլիփ) Վիշնեւսկին կմասնակցի իր նոր՝ «Գրանդ» վեպի հայերեն թարգմանության շնորհանդեսին:

Կոմիտաս Վարդապետի (Սողոմոն Գեւորգի Սողոմոնյան) ծննդյան օրվա կապակցությամբ՝ սեպտեմբերի 27-ին, աշխարհի տարբեր երկրներ ներկայացնող գրողները կայցելեն Կոմիտասի անվան պանթեոն, որտեղ կմիանան «100 հազար պոետ՝ հանուն փոփոխության» նախաձեռնությանը՝  արվեստի միջոցով աշխարհը փոխելու վճռականությամբ: 

Նախագծի արդյունքում, ինչպես նախորդ տարիներին, այս տարի եւս կհրատարակվի բազմալեզու գրական ժողովածու (բնագրով եւ հայերեն թարգմանությամբ), որտեղ ծրագրի մասնակիցներն իրենց նախընտրած ժանրով կներկայացնեն հայաստանյան հանդիպումներից ու շրջագայություններից ստացած տպավորությունները:

«Գրական տապան» միջազգային փառատոնն իրականացնում է Արտասահմանյան երկրների հետ մշակութային համագործակցության հայկական ընկերությունը (ԱՕԿՍ)՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:

Տպել
Ամենաշատ