News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 1-ից Ստեփանակերտի քաղաքապետի որոշմամբ Արցախի մայրաքաղաքում ուղեւորավարձը 70 դրամից կդառնա 100 դրամ: Թեեւ Արցախի իշխանությունները պնդում են, որ ուղեւորավարձը թանկանում է բյուջետային աշխատողների աշխատավարձերի բարձրացումից հետո միայն, պետք է նկատել, որ այն կարող է սոցիալական լարվածություն ստեղծել հատկապես այն ընտանիքների մոտ, որոնցում կան երկուսից ավելի ուղեւոր: Սրան ավելացնենք, որ մասնավոր հատվածում աշխատողների մոտ վերջին 6 ամսվա ընթացքում եկամուտների աճ հիմնականում տեղի չի ունեցել:

Այս թեմայով Ստեփանակերտում սոցհարցումներ է անցկացրել «Ազգային վերածնունդ» կուսակցությունը, որից պարզվել է, որ Ստեփանակերտի ուղեւորների մասնավոր հատվածում աշխատողների աշխատավարձերը զգալիորեն զիջում են քաղծառայության եւ պետական ծառայության ոլորտում աշխատողների աշխատավարձերին:

Սոցհարցումից պարզվել է, որ ուղեւորների մեծ մասը գտնում են, որ տրանսպորտի գների թանկացումը էականորեն ազդելու է իրենց ընտանեկան բյուջեի վրա եւ պատրաստակամություն են հայտնել մասնակցել բողոքի ակցիաների: «Ազգային վերածնունդ» կուսակցությունն առաջիկայում տրանսպորտի գների թանկացման կապակցությամբ կկազմակերպի բողոքի ակցիաներ՝ նպատակ ունենալով ստիպել Ստեփանակերտի քաղաքապետարանին վերանայել թանկացման վերաբերյալ իր որոշումը:

Ակցիաների տեղի եւ ժամանակի մասին Ստեփանակերտի բնակիչներին կտեղեկացվի լրացուցիչ:

Ըստ քաղաքապետարանի՝ ուղեւորավարձի թանկացման հայտեր են ներկայացրել  «Ստեփանակերտ սերվիս» ՓԲԸ-ն եւ «Մհեր» ՍՊԸ՝ առաջարկելով գները բարձրացնել համապատասխանաբար մինչեւ 120 եւ 112 դրամ, սակայն քաղաքապետարանը որոշում է ընդունել այն թանկացնել մինչեւ 100 դրամ:

«Ստեփանակերտ սերվիս» ՓԲԸ բաժնետոմսերը պատկանել են Ստեփանակերտի քաղաքապետարանին, սակայն 2012թ. վաճառվել են Արցախի ներդրումային հիմնադրամին: Թե՛ հիմնադրամի տնօրենը, թե՛ Ստեփանակերտ սերվիս ՓԲԸ տնօրենը հաստատեցին, որ ընկերությունն աշխատում է վնասով՝ ամսական 7-10 մլն դրամի չափով: Արցախի ներդրումային հիմնադրամը սուբսիդավորում է ընկերությունը տարեկան մինչեւ 100 մլն դրամի չափով: Ստեփանակերտ սերվիսը սպասարկում է համար 10, 13, 14, 16 ավտոբուսային երթուղիները, փորձնական համարվող 18-րդ միկրոավտոբուսային երթուղին, որը ստեղծվել է 19-րդ եւ 20-րդ երթուղիների միաձուլումից եւ Աջափնյակ թաղամասը սպասարկող 10-րդ միկրոավտոբուսային երթուղին: Ստեփանակերտ սերվիսը ավտոբուսային երթուղիների մրցույթը շահել է 7 տարի ժամանակով, դրանք սպասարկում են 28 ժամանակակից ավտոբուսներ:

Մհեր Մովսիսյանին պատկանող «Մհեր» ՍՊԸ սպասարկում է 17-րդ ավտոբուսային եւ 12, 15 միկրոավտոբուսային երթուղիները: 7 ժամանակակից ավտոբուսներ սպասարկում են 17-րդ երթուղին: «Մհեր» ՍՊԸ աշխատում է շահույթով, չնայած ներդրողի սպասումներն արդարացված չեն շահույթի մասով:

Թե՛ Ստեփանակերտ սերվիս ՓԲԸ, թե՛ «Մհեր» ՍՊԸ տնօրենները մեզ հետ զրույցում կողմ արտահայտվեցին ուղեւորավարձի թանկացմանը: Երկուսն էլ նշեցին, որ Հեքիմյան փողոցի անսարքության պատճառով լրացուցիչ նորոգման ծախսեր են ունեցել, դժգոհեցին նաեւ անբարեխիղճ ուղեւորներից, որոնք փչացնում են նստատեղերը: Ստեփանակերտ սերվիս ՓԲԸ-ի համար ուղեւորավարձի թնակացումը թույլ կտա դուրս գալ վնասակարության տիրույթից եւ նոր գումարներ ներգրավել ապագա ներդրումների համար: Մհեր Մովսիսյանի համար թանակցումը թույլ կտա ավելի արագ փակել ներդրումների համար ներգրավված առեւտրային վարկը եւ նոր ներդրումներ կատարել:

Պետք է նկատել, որ Ստեփանակերտում ուղեւորներին մատուցվում է բավականին բարձր մակարդակի տրանսպորտային ծառայություն, հարգվում են վարորդների աշխատանքային իրավունքները, ավտոբուսային երթուղիները սպասարկող մեքենաները բարեկարգ են եւ հարմարավետ: Բնակչության մոտ դժգոհություններ կան Աջափնյակ թաղամասի տրանսպորտային սպասարկման հետ կապված (սպասարկվում է միկրոավտոբուսային 10-րդ երթուղու կողմից):

Տրանսպորտի գնի թանկացումը, ըստ Արցախի ներդրումային հիմնադրամի տնօրեն Ա.Միրզոյանի, թույլ կտա տարեկան տնտեսել 100 մլն դրամ, որն այժմ ուղղվում է Ստեփանակերտ սերվիսի սուբսիդավորմանը:

Սոցհարցման տվյալները

«Ազգային վերածնունդ» կուսակցությունը 288 ուղեւորի շրջանակներում անցկացրել է սոցհարցում՝ ճշտելու նրանց դիրքորոշումը ուղեւորավարձի թանկացման եւ հարակից խնդիրների վերաբերյալ: Հարցումներից պարզվել է, որ վերջին 6 ամսվա ընթացքում եկամուտների ավելացում հիմնականում ունեցել են քաղծառայողները եւ պետական ծառայողները, եկամուտները չեն աճել մասնավոր հատվածում աշխատողների մեծամասնության մոտ: Ընդհանուր առմամբ հարցվածների 58 տոկոսի մոտ եկամուտների ավելացում չի եղել, 40 տոկոսի մոտ եղել է, իսկ 2 տոկոսի մոտ եկամուտները պակասել են: Մինչեւ 45 հազար դրամ ստացողների ճնշող մեծամասնությունը աշխատում են մասնավոր հատվածում: Հարցվողների 40 տոկոսն աշխատում է քաղծառայության/պետական ծառայության ոլորտում, մասնավոր հատվածում՝ 26 տոկոսը, կրթական ոլորտում՝ 7 տոկոսը, անհատ ձեռներեց են 7 տոկոսը, չի աշխատում հարցվողների 20 տոկոսը (հիմնականում ուսանողներ): Հարցվածների 79 տոկոսը պատասխանել է, որ թանկացումներն էական ազդեցություն կունենան իրենց ընտանեկան բյուջեի վրա, 10 տոկոսը գտնում է, որ էական ազդեցություն չի ունենա, իսկ 11 տոկոսը դժվարանում է պատասխանել:

Հարցին, թե՞ արդյոք կմասնակցեն ուղեւորավարձի թանկացման դեմ բողոքի ակցիաների, եթե այդպիսիք կազմակերպվեն, հարցվողների 54 տոկոսը պատասխանել է դրականորեն, 26 տոկոսը դեմ են եղել բողոքի ակցիաներին, իսկ 20 տոկոսը դժվարացել է պատասխանել:

Որոշ եզրահանգումներ եւ մտահոգություններ

Կասկածներ է առաջացնում «Ստեփանակերտ սերվիս» ՓԲԸ կողմից շահագործվող երթուղիների ոչ շահութաբեր լինելու փաստը, նամանավանդ, որ վարորդների վրա դրված օրական պլանը թե՛ «Ստեփանակերտ սերվիս» ՓԲԸ-ի, թե՛ «Մհեր» ՍՊԸ-ի մոտ նույնն է: Կարծում ենք, որ վնասով աշխատելու հանգամանքը կապված է «Ստեփանակերտ սերվիս» ՓԲԸ-ի անարդյունավետ կառավարման հետ:

Ուսումնասիրության ընթացքում տպավորություն է ստացվել, որ թանկացումը նախաձեռնել են Արցախի իշխանություններն ի դեմս քաղաքապետարանի, այլ ոչ թե երթուղիները շահագործող ընկերությունները, որի հիմնական նպատակը տարեկան 100 մլն դրամի հասնող սուբսիդավորման գումարի խնայումն է:

Ստեփանակերտում ուղեւորավարձի թանկացումը լրացուցիչ սոցիալական լարվածություն կառաջացնի հասարակության մեջ:

Առաջարկներ

Ստեփանակերտի քաղաքապետարանին՝

-Մինչեւ ընկերությունների կողմից երթուղիների շահագործման ժամկետի ավարտը Ստեփանակերտում ուղեւորավարձը թողնել նույնը՝ 70 դրամ:

-Բարելավել Աջափնյակ թաղամասի տրանսպորտային սպասարկումը:

Արցախի ներդրումային հիմնադրամին՝

-Արդյունավետ դարձնել «Ստեփանակերտ սերվիս» ՓԲԸ կառավարումը՝ այն վնասաբերության տիրույթից հանելու նպատակով:

Ստեփանակերտի բնակիչներին՝

-Ինքնակազմակերպվել՝ հասարակությանը հուզող խնդիրների ավելի ակտիվ քննարկման եւ լուծումներ փնտրելու ուղղությամբ:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ