News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայ ժողովուրդն արժանի էր անկախության, նա ոչ միայն կարողացավ նվաճել անկախությունը, այլեւ ազատագրեց իր հողերը Լեռնային Ղարաբաղում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Նրա խոսքով՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը վտանգի մեջ էր. «Նաեւ կային ճգնաժամային իրավիճակներ, բայց մենք կարողացանք կազմակերպել միասնական պայքարը եւ հասնել իրական, այլ ոչ բարոյական հաղթանակների: Սակայն, ցավոք, պետության կառուցման գործում մենք մինչ օրս անհաջողության ենք մատնվում: Միայն արտագաղթի մասշտաբները դրա լավագույն ցուցանիշն են: Այստեղ ձախողումը մինչ օրս շարունակվում է»,-նշել է Մարտիրոսյանը:

Միաժամանակ, նա հույս է հայտնել, որ մոտ ժամանակներս ժողովուրդը պայքարի դուրս կգա եւ իր քաղաքական կամքը կթելադրի քաղաքական ուժերին ու իշխանություններին, հասարակական կազմակերպություններին, նրանց կներկայացնի իր պատկերացումները երկրի ապագայի վերաբերյալ:

«Մենք կունենանք մեր երազած Հայաստանը, որտեղ կիշխի օրենքը, կհարգվեն մարդու իրավունքները, կպահպանվեն ազգային առանձնահատկությունները: Մենք կկարողանանք Անկախության օրն ընդունել ոչ թե որպես հերթական ոչ աշխատանքային օր, այլ այն իրականում մեզ համար տոն կլինի»,-ամփոփել է «Ժառանգության» փոխնախագահը:

Հիշեցնենք, որ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանի ժողովուրդը համաժողովրդական հանրաքվեի ժամանակ քվեարկել է Հայաստանի անկախության օգտին, Հայաստանը առանձնացել է Խորհրդային Միությունից ու հռչակել իր անկախությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ