News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով, Հայաստանի Հանրապետության անկախության 23-րդ տարեդարձի կապակցությամբ` գիտության, տնտեսության, առողջապահության, մշակույթի ոլորտների, ինչպես նաեւ սփյուռքի մի խումբ ներկայացուցիչներ, դատական համակարգի, Հայոց բանակի, ՀՀ ազգային անվտանգության ծառայության եւ ոստիկանության համակարգի զինծառայողներ պարգեւատրվել են պետական բարձրագույն պարգեւներով, շնորհվել են նաեւ պատվավոր կոչումներ:

Տարբեր բնագավառներում ակնառու նվաճումների եւ հաջողությունների հասած հիշյալ անձանց Սերժ Սարգսյանն այսօր Նախագահի նստավայրում տեղի ունեցած պարգեւատրման արարողության ժամանակ հանձնել է պարգեւները, որոնց թվում առաջին անգամ եղել են նաեւ «ՀՀ պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» ՀՀ նոր օրենքով սահմանված մեդալներն ու շքանշանները: Մինչ այժմ սահմանված պետական բարձր պարգեւներին ավելացել են Երախտագիտության մեդալը, «Աշխատանքային վաստակի համար» մեդալը, Ծնողական փառքի մեդալը, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանը եւ Բարեկամության շքանշանը: Սերժ Սարգսյանը շնորհավորել է բոլոր պարգեւատրվածներին տոնի եւ պետական բարձր պարգեւներին արժանանալու կապակցությամբ, մաղթել հաջողություններ:

Նախագահն իր խոսքում նշել է. «Շնորհավորում եմ ձեզ Անկախության տոնի կապակցությամբ, նաեւ շնորհավորում եմ բոլորին, ովքեր արժանացել են հայրենիքի բարձր պարգեւներին: Ի դեպ, այս տարի մենք առաջին անգամ հանձնում ենք նոր մեդալներ ու շքանշաններ, որ նախկինում չեն եղել, ինչպես օրինակ «Երախտագիտություն», «Ծնողական փառք» եւ այլ պարգեւներ: Այսպիսով մենք փորձելու ենք արժանին մատուցել բոլորին, փորձելու ենք անել այնպես, որ ստվերում չմնա խրախուսանքի եւ երախտագիտության արժանի որեւէ գործ կամ քաղաքացի»:

Նախագահի խոսքով, իր համար, կարծում է, նաեւ բոլորի համար առանձնահատուկ կարեւոր ու թանկ են այն զինվորներն ու սպաները, որոնք կանգնած են Հայաստանի եւ Արցախի սահմաններին: «Բայց հատկապես խրախուսանքի ու երախտագիտության են արժանի նրանք, ովքեր փորձության պահին իրենց դրսեւորեցին որպես հայրենիքի իսկական պաշտպաններ ու նվիրյալներ: Մենք շատ լավ հիշում ենք վերջին լրջագույն իրադարձությունը շփման գծում, որտեղ մեր զինվորականները, ինչու չէ, նաեւ մեր ողջ հասարակությունը փայլուն քննություն բռնեցին: Նրանք այս սրահում են եւ ստացել են իրենց պարգեւները:

Այսօր մեզ հետ են նաեւ հունահռոմեական ըմբշամարտի մեր երկու դյուցազունները, ովքեր Տաշքենդում նվաճեցին աշխարհի չեմպիոնի կոչումը եւ ում պատվին հնչեց մեր օրհներգը: Այս երկու ոսկին որքան սպասված, նույնքան էլ փառահեղ էր: Շնորհավորում եմ մեր մարզիկներին, մարզիչներին եւ բոլոր նրանց, ովքեր տարիներ շարունակ քրտնաջան աշխատանքով մոտեցրել են այս հաղթանակը: Իհարկե, այսպիսի պաշտոնական արարողությունների ժամանակ ընդունված չէ ցանկություն հայտնել, բայց ես վստահ եմ, որ մեր երկու չեմպիոնները դառնալու են օլիմպիական չեմպիոններ:

Սերժ Սարգսյանի խոսքով, Անկախության տոնը լավ առիթ է մեզ համար մեծարելու բոլոր նրանց, ովքեր իրենց գործով եւ կյանքով մարմնավորում են մեր երկիրն ու հասարակությունը, ովքեր իրենց գործով եւ կյանքով ապահովում են պետության եւ հասարակության առաջընթացը: «Նման մարդկանցով ենք մենք դառնում ավելի ուժեղ, ավելի ինքնավստահ: Նման մարդկանց օրինակի վրա հենվելո՛վ է, որ ամրապնդվում է մեր հավատը երկրի ու ժողովրդի ապագայի նկատմամբ: Մեր պարտքն է առանձնացնել նրանց եւ ի ցույց դնել նրանց օրինակը հատկապես երիտասարդ սերնդի համար»,- նշել է Սարգսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ