News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Նախորդ տարվա նոյեմբերի 5-ին Շանթ Հարությունյանի ղեկավարած երթի մասնակիցներին ոստիկաններն են ուղղորդել դեպի Մաշտոցի պողոտա՝ ազատ թողնելով միայն դեպի փողոց դուրս եկող ճանապարհը: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 22-ին, Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում իր պաշտպանական ճառում ասաց Շանթ եւ Շահեն Հարությունյանների, Վարդան Վարդանյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանը:

«2013թ. հոկտեմբերի վերջին Շանթ Հարությունյանը նստացույց է արել Ազատության հրապարակում: Շանթ Հարությունյանն ասուլիս է տվել մինչեւ երթը եւ ասել, որ սադրիչներ կան: Իշխանության  մոտ տագնապ էր սկսվել, ոստիկանները փակել էին ճանապարհի աջ ու ձախ կողմերը, միակ բաց ճանապարհը եղել է դեպի փողոց, Շանթը եւ տղաները քայլել են դեպի փողոց: Մաշտոցի պողոտա դուրս գալուց հետո ոստիկանները եւ քաղաքացիական հագուստով ոստիկանները հարձակվել են երթի մասնակիցների վրա: Ոստիկանները Շանթին գցում են գետնին ու փորձում են ծեծել, ինչը տեսնելով՝ նրա որդին՝ անչափահաս Շահենը, մոտենում է, մի քանի անգամ բղավում՝ թողեք հորս, ու հետո հարվածում ոստիկանին: Բոլորին բերման են ենթարկում ոստիկանության բաժանմունք, որտեղ նրանց նկատմամբ բռնություններ են գործադրվում: Նույն օրը հարուցվում է քրեական գործը»,-ասաց պաշտպանը:

Պաշտպանը առանձնացրեց այն հանգամանքը, որ Շանթի Հարությունյանի նկատմամբ  դատահոգեբանական փորձաքննություն էր նշանակվել, նա տեղափոխվել էր հոգեբուժարան, սակայն հետագայում ապացուցվել էր նրա մեղսունակ լինելու հանգամանքը:

«Ամենասկզբից ցանկանում էին տպավորություն ստեղծել, թե Շանթ Հարությունյանը հոգեկան հիվանդ է, բայց դա  նրանց չհաջողվեց»,-ասաց պաշտպանը:

Ինեսա Պետրոսյանը նշեց, որ գործով անցնող բոլոր տուժողներն ու վկաները ոստիկաններ են եղել, երթին ներկա են եղել նաեւ քաղաքացիական ոստիկաններ: Նա նշեց, որ թե ոստիկանները, թե քաղաքացիական հագուստով ոստիկանները ծեծի են ենթարկել Շանթ Հարությունյանին:

Պաշտպանի խոսքով՝ օրենքով սահմանված է, որ ոստիկանները պարտավոր էին բարձախոսով հայտարարել երթը դադարեցնելու մասին իրենց պահանջի մասին:

Պաշտպանը պնդեց, որ Շանթ Հարությունյանի արարքում չկա խուլիգանություն, նա միայն ցանկացել է պաշտպանել հորը, որին այդ պահին ոստիկանները ծեծում էին:

 «Վարույթ իրականացնող մարմինը հաշվեհարդար է իրականացնում Շահենի նկատմամբ: Երեւի մոռացել են, որ անչափահաս երեխայի հետ գործ ունեն: Այսպես վրեժ չեն լուծում, նույնիսկ ամոթ է»,-ասաց պաշտպանը՝ դատարանից խնդրելով արդարացել իր բոլոր պաշտպանյալներին:

Հիշեցնենք, որ «Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանը, 2013թ. նոյեմբերի 5-ին, իր մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել դեպի նախագահի նստավայր։ Սակայն ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին երթը, տեղի էին ունեցել բախումներ, հնչել էին պայթյուններ, ոստիկանները բերման էին ենթարկել 38 ակտիվիստների, այդ թվում՝ Շանթ Հարությունյանին եւ նրա որդուն։ Բախումների հետեւանքով տուժել էր 16 մարդ, այդ թվում ութ ոստիկան:

Հիշեցնենք, որ դատախազ Գեւորգ Գեւորգյանը անչափահաս Շահեն Հարությունյանի համար առաջարկել է 5 տարվա, իսկ Շանթ Հարությունյանի համար՝ 7 տարվա ազատազրկում։

Տպել
Ամենաշատ