News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց 11, 13, 15 շենքերի  բնակիչները, որոնք դեռ մեկ շաբաթ առաջ բողոքում էին իրենց շենքերի բակում կառուցվող դեղատան շինարարության դեմ, փոխհամաձայնության են եկել կառուցապատողի հետ։ Ռուբինյանց 13 շենքի բնակչուհի Գայանե Աթաբեկյանը լրաչգրողներին պատմեց, որ կառուցապատողը Արմեն Հարությունյանն իրենց խոստացել է կրճատել շինարարության համար նախատեսված տարածքը եւ կես մետր ավելի տարածք թողնել ճանապարհի համար։

«Բողոքի ակցիայից հետո թաղապետի ներկայությամբ սեփականատիրոջ հետ եկանք  այն եզրակացության, որ կառույցը կես մետր հետ է գնալու, այսինքն՝ մեր ավտոճանապարհը չի լինի 4 մետր, այլ կլինի 4.30 մետր։ Կես մետրն էլ քիչ չէր, այն լուրջ  խնդիր կառաջացներ մեքենաների տեղաշարժման համար: Բացի այդ կառուցապատողը խոստացել է իր հաշվին լայնացնել բակ մտնող հակառակ ճանապարհը։ Այդքանով դեռ բավարարված ենք»,- ասաց Գայանե Աթաբեկյանը։

Բնակչուհու խոսքով` իրենք չէին դադարեցնի բողոքը, եթե չհամոզվեին, որ կառուցապատողը համապատասխան օրինական փաստաթղթերն ունի շինարարությունն իրականացնելու համար:

«Ես էլի դեմ կլինեի, որ այստեղ շինարարություն լիներ, բայց քանի որ բոլոր նորմատիվները պահպանվում են, ես չեմ կարող ճարտարապետի հետ սպորի մեջ մտնել, ապացուցել հակառակը։ Սեփականատեր մարդ կա, մենք չենք կարող նրան զրկել իր սեփականությունից»,- ասաց Գայանե Աթաբեկյանը։

Նույն շենքերի մեկ այլ բնակչուհի դժգոհեց, որ ճանապարհի հարցի լուծումը դեռ իրենց պահանջների միայն մի մասն է. քաղաքապետարանը վաղուց  խոստացել էր շենքերի բակում խաղահրապարակ կառուցել, սակայն մինչ օրս չի արել:

«Գոնե խաղահրապարակ կառուցեին, բայց էդ չի լինի, մենակ ինձանով չի լինի։ Ես բողոք չեմ ներկայացնի, որովհետեւ ամեն ինչ անիմաստ է։ Ամեն մարդ իր գրպանի, իր կարիքի մասին է մտածում»,-ասաց նա:

Տպել
Ամենաշատ