News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Օրերս ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը  Աբովյան քրեակատարողական հիմնարկից  ազատված  20 ամյա Էլման Խալաֆյանի խնդրանքով ընդունել է նրան: Նա նախարարին պատմել է, որ փաստաթղթային որոշակի խնդիրներ ունի, որոնք խանգարում են աշխատանքի ընդունվել՝  խնդրելով այդ հարցում օգնել իրեն,: Նախարարը քայլեր է ձեռնարկել այդ ուղղությամբ: Դեռեւս հունիսի մեկին ՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, Հովհաննես Մանուկյանն Աբովյան ՔԿՀ-ում զրուցել էր դպրոցը նոր ավարտած դատապարտյալի հետ: Շրջանավարտը նախարարին պատմել էր, որ հիմնարկից դուրս գալուց հետո ցանկանում է ուսումը շարունակել որեւէ բուհում: Նախարարն էլ հորդորել էր  անպայման դիմել իրեն, եթե քրեակատարողական հիմնարկից դուրս գալուց  հետո խնդիրներ ունենա:

Էլմանը բնակվում է Ստեփանակերտում ընտանիքի հետ: Ընտանիքի միակ կերակրողը հայրն է, տանը նաեւ անչափահաս երեխաներ կան: Էլմանը նախարարին ասել է, որ սպասում է օր առաջ անձնագիր ստանալուն, որպեսզի աշխատանքի ընդունվի: Նախարարը հետաքրքրվել է տղայի ընտանիքի սոցիալական վիճակով: Զրուցելով ապագայի պլաններից՝ Էլմանը նշել է, որ շուտով բանակ է գնալու: Նա նաեւ ասել է, որ վարորդական իրավունք է ուզում ստանալ եւ պետք է մասնակցի մեքենա վարելու դասընթացներին:  Ներկայացնելով քրեակատարողական  հիմնարկում իր սովորած արհեստները՝  Էլմանը  հպարտացել է, որ ձեռքից ամեն ինչ գալիս է եւ պատրաստ է մինչեւ զինվորագրվելը կատարել ցանկացած աշխատանք: Նա նաեւ հավաստիացրել է, որ, չնայած բաց է թողել բուհ ընդունվելու ժամկետները,  բանակից հետո անպայման մտադիր է տնտեսագետ դառնալ:  Նախարարը Էլմանին հորդորել է այլեւս երբեք չշեղվել ճիշտ ճանապարհից: Նա տղային հանդիպման վերջում գրիչ է նվիրել՝  հույս հայտնելով, որ այսուհետ այն կլինի Էլմանի եւ՛ հզոր եւ՛ պիտանի  զենքը:

Տպել
Ամենաշատ