News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ իրականացվող «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի «Դուդուկի փառատոնի» շրջանակներում տեղի ունեցավ հանդիսավոր համերգ, որը սկսվեց Ռիտա Շառոյանի «Հայկական դուդուկ» վավերագրական ֆիլմից դրվագովների ցուցադրումով:

Համերգին ներկա էին ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ ժողովրդական արտիստ Ջիվան գասպարյանը, երաժիշտներ, մտավորականներ:

«Դուդուկի փառատոնը» «Իմ Հայաստան» փառատոնի շրջանակներում տեղի է ունենում երկրորդ անգամ: Աշխարհի 5 երկրից Հայաստան են ժամանել 12 դուդուկահարներ:

Մակար Եկմալյանի  «Ամեն, Հայր սուրբ» կատարումով հանդես եկավ ՀՀ վաստակավոր արտիստ,  «Դուդուկի փառատոնի» գեղարվեստական ղեկավար Գեւորգ Դաբաղյանը: Փառատոնի մասնակիցներին եւ հանդիսատեսին ողջունեց նաեւ Ազգային նվագարանների պետական նվագախումբը՝ ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Նորայր Դավթյանի ղեկավարությամբ

Փառատոնին մասնակցում են նաեւ օտարազգի երաժիշտներ՝ Սանկտ Պետերբուրգում բնակվող ազգությամբ կորեացի Վալերի Նամը, գերմանացի երաժիշտներ Սյորեն Բիրկեն, Սիմոն Պաուլին, Դիրկ Միխայիլիսը:

Կատարումներով հանդես եկան փառատոնի մյուս մասնակիցները՝ երաժիշտ-դուդուկահարներ Արցախից եւ Սփյուռքից՝ Ռուսաստանի Ռոստով քաղաքից Յուրա Սարգսյանը, Արգիշտին՝ Սանկտ-Պետերբուրգից, Կալուգայից՝ Աշոտ Ղազարյանը, Ֆրանսիայից՝ Լեւոն Չատիկյանը եւ Իլյիչ Վարդանյանը, Վրաստանից՝ Իվանե Մկրտչյանը եւ Արցախից՝ Նորայր Սահակյանը:

Ելույթ ունեցավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նա շնորհակալություն հայտնեց փառատոնի մասնակիցներին եւ մասնավորապես ասաց. «Դուք աշխարհի տարբեր երկրներում ձեր հայ ազգային երաժշտությունը հասցնում եք օտարին՝ մեր անզուգական ծիրանափողի լեզվով, դարձնելով նրանց հայ երաժշտության կրողներ: Դա է վկայում օտարազգի դուդուկահարների մասնակցությունը փառատոնին: Դուդուկը, փաստորեն, նաեւ սովորեցնում է հայերեն խոսել, վկան՝ գերմանացի երաժիշտ Սյորեն Բիրկեի հայերեն երգն ու շնորհավորական խոսքը»:

Այնուհետեւ նախարարը ողջունեց ՀՀ ժողովրդական արտիստ Ջիվան գասպարյանին եւ նշեց, որ նրա շնորհիվ աշխարհը ճանաչեց դուդուկը եւ ընդունեց այն, իբրեւ զուտ  հայկական ազգային երաժշտական գործիք:

«Այդ նրա շնորհիվ է, որ հայրենիքում եւ Սփյուռքում դուդուկը վերածվել է համաժողովրդական գործիքի, եւ 6 տարեկան հրաշամանուկը՝ Արմավիրից Գագիկ Ստեփանյանը եւ Գավառի Գուրգեն Դաբաղյանի անվան դուդուկի դպրոցի մանկահասակ սաներն իրենց հասուն կատարումներով հավաստում են, որ դւդուկի հայերեն մեղեդին հնչելու է ընդմիշտ»,- նշեց Հրանուշ Հակոբյանը:

Վերջում Նախարար Հրանուշ Հակոբյանը հավաստագրեր հանձնեց փառատոնի մասնակից դուդուկահարներին:

Տպել
Ամենաշատ