News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Նախագահ Սեր-ժ Սարգսյանը հոդված է հրապարակել հեղինակավոր «International New York Times» պարբերականում, որը ներկայացնում ենք թարգմանաբար:

«Այս տարի լրանում է իր մասշտաբների եւ դաժանության  մեջ աննախադեպ մարդկային մեծ աղետի` Առաջին համաշխարհային պատերազմի հարյուրամյակը: Այն խլեց մոտ 14 միլիոն մարդկային կյանք, որոնցից 5 միլիոնը քաղաքացիական անձինք էին, իսկ 9 միլիոնը՝ զինվորականներ: Միլիոնավոր մարդիկ էլ վիրավորվեցին, դարձան ռազմագերիներ կամ  տեղահանվեցին՝ ստիպված լինելով լքել իրենց հայրենի հողերը:  Վերջիններիս թվում էին նաեւ հայերը, ովքեր գրեթե բնաջնջվեցին երկրի երեսից:

 Հաջորդ տարի հայ ժողովուրդը ոգեկոչելու է այն իրադարձությունների հարյուրամյակը, որոնք հանդիսացան Օսմանյան կայսրությունում հայ բնակչության զանգվածային տեղահանումների եւ սպանությունների գագաթնակետը: 1915թ. դարձավ Օսմանյան Թուրքիայի կողմից մշակված եւ դեռեւս 19-րդ դարի վերջերից գործի դրված՝ հայերի նկատմամբ էթնիկ զտումների, կոտորածների եւ  ցեղասպանության քաղաքականության բարձրակետը, որը որպես  այդպիսին ճանաչվել է դեռեւս այդ ժամանակ: 1915թ. մայիսի 24-ին Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի կառավարությունները հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որտեղ նշվում էր, որ «Օսմանյան իշխանությունների թողտվության պայմաններում, հաճախ նաեւ վերջիններիս աջակցությամբ,  մոտավորապես մեկ ամիս շարունակ Հայաստանի քուրդ եւ թուրք բնակչությունը կոտորում է հայերին»: Այս հայտարարությունը կարող է համարվել այն առաջին միջազգային փաստաթուղթը, որտեղ հիշյալ իրադարձությունները որակվել են որպես «մարդկության եւ քաղաքակրթության դեմ իրականացված Թուրքիայի նոր հանցագործություն»:

Երիտթուրքերի կառավարության կողմից իրականացված՝ մի ողջ ազգի ոչնչացմանն  ուղղված վայրագությունների չափերն ու մասշտաբները դարձնում են դրանք աննախադեպ պատմական ողբերգություն, որը խլեց 1.5 միլիոն հայի կյանք: Այն մի ողջ ազգի ոչնչացման նպատակ էր հետապնդում, եւ  դա գրեթե հաջողվեց: 1929թ. լույս տեսած «Համաշխարհային ճգնաժամը» գրքում Ուինստոն Չերչիլը գրելու էր. «Պատմությունն ապարդյուն է փնտրելու Հայաստան բառը»:

Իսկապես, լեհ իրավագետ Ռաֆայել Լեմկինը առաջին անգամ գործածել է «ցեղասպանություն» եզրույթը՝ բնորոշելու ինչպես Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում հայերի զանգվածային կոտորածը Օսմանյան իշխանությունների կողմից, այնպես էլ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին նացիստների կողմից հրեաների զանգվածային սպանությունները: Երկու դեպքում էլ զանգվածային սպանությունները տեղի են ունեցել առավել լայն՝ պատերազմի համատեքստում: Ըստ պատմաբան Մարկ Լեւիի,  դա պատերազմ է ոչ թե պետությունն ընդդեմ պետության,     այլ պետությունն ընդդեմ ազգի: Այլ խոսքերով, ցեղասպանությունը պատերազմի տեսակ է, որը պետությունը կամ ռեժիմն իրագործում է ժողովրդի դեմ:

Հայոց ցեղասպանությունը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ իրականացված  հրեաների Ողջակիզման, Կամբոջայում, Ռուանդայում, Դարֆուրում  իրագործված ցեղասպանությունների տխրահռչակ «իրավանախորդն» էր: Պատմության մութ շրջանը  կրկնում է ինքն իրեն մասամբ նաեւ անցյալում անավարտ մնացած գործերի պատճառով: Հայոց ցեղասպանության անպատիժ մնալու փաստը մեծ խթան էր ապագա բռնապետերի համար: Ադոլֆ Հիտլերը, օրինակ,  եկավ այն եզրահանգման, որ միջազգային հանրությունը պատրաստ է հանդուրժելու ցեղասպանությունները, հատկապես երբ դրանք տեղի են ունենում «պատերազմի մշուշի» ներքո:Հիտլերի մտքում մեծ մասամբ հայերի կոտորածներն էին, երբ 1931թ.՝ նախքան իշխանության գալը, նա քննարկում էր ոչ գերմանացի փոքրամասնությունների տարաբնակեցման քաղաքականության անհրաժեշտության հարցը. «Մենք մտադիր ենք իրականացնել տարաբնակեցման քաղաքականություն: Մտածե՛ք աստվածաշնչյան տեղահանությունների եւ միջնադարյան կոտորածների մասին... եւ հիշե՛ք հայերի բնաջնջումը»: 1939թ. Հիտլերը կրկնեց այս խոսքերը լեհ բնակչության հանդեպ ծրագրած քաղաքականության համատեքստում. «Ես պատրաստության եմ բերել  իմ ստորաբաժանումները, առայժմ միայն արեւելքում` հրամայելով նրանց, առանց գթալու եւ խղճահարության, անխտիր սպանել լեհ ազգին կամ լեզվին պատկանող բոլոր տղամարդկանց, կանանց եւ երեխաներին: Միայն այս միջոցով մենք ձեռք կբերենք մեզ անհրաժեշտ կենսական տարածքները: Ի վերջո, այսօր ո՞վ է խոսում հայերի բնաջնջման մասին»:

Հայոց ցեղասպանությունը հիշեցում է մեզ պատմության դասերը չսերտելու, ցեղասպանությունը ժխտելու վտանգների, ինչպես նաեւ հանցագործություններն անպատիժ եւ չճանաչված թողնելու երկարաժամկետ բացասական հետեւանքների մասին: Նախկինում տեղի ունեցած ցեղասպանությունների ճանաչումը, ինչպիսին Հայոց ցեղասպանությունն է, ապագա ցեղասպանությունները հասկանալու եւ կանխարգելելու բանալին է: Չնայած 1948թ. ՄԱԿ-ի կոնվենցիայի գոյությանը, որը կոչված է կանխարգելելու հետագա ցեղասպանությունները՝ մենք վստահ ենք, որ այս կամ ցանկացած այլ փաստաթուղթ չի կարող պատշաճ կերպով իրականացվել, քանի դեռ նախորդ կոտորածները չեն , ճանաչվել: Մենք համարում ենք, որ Հայոց ցեղասպանությունը ոչ միայն մեր ժողովրդի ողբերգությունն է, այլեւ մարդկության դեմ համաշխարհային մասշտաբի հանցագործություն: Եթե այն արդարացիորեն ճանաչվեր, կարող էր ապագա ոճրագործությունները կանխարգելող դեր կատարել: Հայաստանը շարունակելու է ակտիվորեն աշխատել ՄԱԿ-ի շրջանակներում եւ այլ միջազգային հարթակներում՝ հասնելու աշխարհի  ցանկացած մասում նմանատիպ գործողությունների  համընդհանուր դատապարտմանը:

Հայոց ցեղասպանության ոգեկոչումը մշտապես շատ կարեւոր է եղել աշխարհասփյուռ հայության՝  համար, որոնց հետնորդները  հազարամյակներ շարունակ, մինչեւ վայրենաբար արմատախիլ արվելը, ապրել են իրենց հայրենիքում: Անկախ եւ ազատ Հայաստանի բացակայության պայմաններում սփյուռքը եւ նրա հաստատությունները ձեւավորվել են որպես հայկական ժառանգության պահապաններ մինչ ազատ հայ ժողովրդի վերածնունդը:

Քսաներեք տարի առաջ հայկական եռագույնը կրկին ծածանվեց Երեւանում՝ խորհրդանշելով անկախ հայրենիքի վերածնունդը: Հայ ժողովուրդը ստացավ իր հայրենիքում ազատ ապրելու մի նոր հնարավորություն:

Հայաստանի վերահաստատված անկախությունը Թուրքիայի հետ հարաբերությունների նոր դարաշրջան սկսելու հնարավորություն էր: Հայաստանի դիրքորոշումն արտացոլված է տասնամյակների պատմություն ունեցող «առանց նախապայմանների» հարաբերություններ հաստատելու սկզբունքի մեջ: Այն 2008թ. Թուրքիայի հետ բանակցություններ սկսելու, ինչպես նաեւ  2009թ. ստորագրված արձանագրություններում ամրագրված հիմնական սկզբունքն էր: Գաղափարն  էր դրական միջավայր ստեղծել դիվանագիտական հարաբերությունների հաստատումից եւ սահմանների բացումից հետո երկու հասարակությունների միջեւ երկկողմ հարաբերությունների զարգացման, փոխըմբռնման եւ հաշտեցման համար:

Դժբախտաբար, Թուրքիան, հետ կանգնելով  ձեռք բերված համաձայնություններից, հրաժարվել է դիվանագիտական հարաբերություններ հաստատել, շարունակում է փակ պահել Հայաստանի հետ սահմանը, ապօրինի տնտեսական շրջափակում է իրականացնում եւ մերժում է անցյալում իրագործված հանցագործությունների եւ անարդարությունների պատմական ճշմարտությունը: Մի կողմ դնելով պատմական ճշմարտությունը՝ քանի դեռ երկաթե վարագույրի վերջին հատվածը՝ հայ-թուրքական սահմանը, շարունակում է փակ մնալ, այն խաթարելու է կովկասյան տարածաշրջանի առողջ զարգացումն ու տարածաշրջանային ինտեգրացիան՝ մշտապես անկայունություն ներարկելով աշխարհի ռազմավարական առումով այս զգայուն հատվածում:

Հայ-թուրքական երկկողմ հարաբերությունների ապագան պետք է հիմնվի երկու պետությունների միջեւ հարաբերությունների պատմական հաշտեցման վրա: Պատմական ճշմարտության ընդունումը կարող է օգնել հաղթահարելու հայ եւ թուրք ժողովուրդների միջեւ եղած խոր տարաձայնությունները: Մենք հավատացած ենք, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը չի կարող որեւէ կերպ դիտարկվել որպես թուրք ժողովրդի արժանապատվության ոտնահարում, նրա նկատմամբ սպառնալիք կամ հարձակում: Շատ թուրք մտավորականներ, գրողներ, գիտնականներ սկսել են բացահայտ կերպով խիզախորեն եւ շիտակ քայլել ինքնավերլուծության եւ ուսումնասիրության դժվարին ուղիով: Այս համատեքստում կարեւոր է, որ միջազգային հանրությունն աջակցի, խրախուսի թուրք քաղաքական առաջնորդներին արդարությանն ու պատմական ճշմարտությանը նույն նվիրվածությունը ցուցաբերելու հարցում, որ արդեն իսկ արել են հարգանք վայելող իրենց համաքաղաքացիները՝ արժանապատվորեն եւ մարդասիրաբար եզրափակելու մարդկային պատմության մութ, անավարտ էջերից մեկը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ
Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Փոխտնօրենի կողմից...
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Ամենաշատ