News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 29
Տեսնել լրահոսը

Ադրբեջանում, որն ամբողջ աշխարհում ահաբեկչություն տարածող երկիր է, բախվում են միջազգային իրավունքի բոլոր սկզբունքները. օրինակ՝ խոսքի ազատություն կամ մարդու իրավունքները բախվում են այլ սկզբունքների: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Քեթրին Լիչի հայտարարությանն այն մասին, որ տարածքային ամբողջականության եւ ժողովուրդների ինքնորոշման սկզբունքները որոշ չափով հակասում են միմյանց:

Նրա խոսքով, իհարկե՝ գոյություն ունեն բազմաթիվ դեպքեր, երբ ժողովուրդների ինքնորոշման իրավունքն եւ տարածքային ամբողջականության սկզբունքը բախվում են: «Բայց այդ բախումը, կարծում եմ, արհեստականորեն է ստեղծվում, այդ անբնական է: Նույն Մեծ Բրիտանիայում այդ երկու սկզբունքները չեն հակասում միմյանց: Դեռեւս 1998 թվականին Հյուսիսային Իռլանդիայի հետ ստորագրվել է Բելֆասթի պայմանագիրը, որով Մեծ Բրիտանիան ճանաչել է հանրաքվե անցկացնելու՝ Հյուսիսային Իռլանդիայի իրավունքը, եւ եթե անգամ հանրաքվեի արդյունքում անկախության կողմնակիցները չկարողանան հաղթել, նրանք կարող են յուրաքանչյուր յոթ տարին մեկ նման հանրաքվե անցկացնել»,- նշեց Բաբայանը:

Նա նաեւ հավելեց, որ այստեղ հակասություն չկա, քանի որ այդ հարցերը կարգավորվում են քաղաքակիրթ տարբերակով: «Նշված երկու սկզբունքները՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքն ու տարածքային ամբողջականությունը, չեն կարող բախվել քաղաքակիրթ երկրներում»,- ընդգծեց Դավիթ Բաբայանը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Քեթրին Լիչը, անդրադառնալով հարցին, թե եվրոպական մայրցամաքում եւ հետխորհրդային տարածաշրջանում ինչ արձագանք կունենա Շոտլանդիայի անկախության հանրաքվեն՝ որպես ազգերի ինքնորոշման իրավունքի իրականացման բարձրագույն ձեւ, նշել էր. «Դժվար է ընդհանրական դասեր քաղել Շոտլանդիայի հանրաքվեից, քանի որ յուրաքանչյուր առանձին դեպքում տարածքային ամբողջականության եւ ժողովուրդների ինքնորոշման սկզբունքները որոշ չափով հակասում են իրար»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ