News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

«Երեւան՝ իմ տուն» խորագրով անցկացվող «Էրեբունի-Երեւան 2796» տոնակատարությունն այս տարի առաջին անգամ նշանավորվում է նաեւ սոցիալական բաղադրիչով։ Երեւանի ծննդյան տարիների թվով  պայմանավորված՝  երեւանցի 2796 ընտանիք, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ,  Երեւանի քաղաքապետարանի կողմից որպես նվեր կստանա  էլեկտրատեխնիկական սարքավորումներ՝ սառնարաններ, լվացքի մեքենաներ, վառարաններ, գազօջախներ, հեռուստացույցներ, փոշեկուլներ, համակարգիչներ, միկրոալիքային վառարաններ, պլանշետներ, լուսանկարչական ապարատներ, արդուկներ, թեյնիկներ։

Ծրագրում ընդգրկված են սոցիալական եւ հասարակական տարբեր խմբերի՝ գիտության, մշակույթի գործիչների, բուժաշխատողների, մանկավարժների, միաժամանակ 2 զինծառայող ունեցող ընտանիքներ, բազմազավակ, բազմանդամ ընտանիքներ, սիրիահայեր, երիտասարդ ընտանիքներ, Հայրենական մեծ պատերազմի, աշխատանքի, թիկունքի վետերաններ, Արցախյան եւ Աֆղանական պատերազմների մասնակիցներ, Արցախում զոհվածների ընտանիքներ, Արցախյան պատերազմի հաշմանդամներ, հաշմանդամություն ունեցող անձ ներառող ընտանիքներ, միակողմանի, երկկողմանի ծնողազուրկ երեխա խնամող ընտանիքներ, Ցեղասպանությունը վերապրածներ, ինչպես նաեւ անապահովության գնահատման համակարգում հաշվառված ընտանիքներ։

Ծրագրում ներառված սոցիալական խմբերի սակավ ապահովված ընտանիքներն ընդգրկվել են ըստ անապահովության գնահատման համակարգում հաշվառման բալերի։ Մեկ ամիս շարունակ Երեւանի քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչության համակարգմամբ՝ վարչական շրջանների սոցիալական ապահովության բաժինների, տարածքային սոցծառայությունների աշխատակիցները, այցելելով հաշվառված ընտանիքներ, գնահատել են տվյալ ընտանիքի կարիքը,  որպեսզի անակնկալ նվերը նաեւ սպասված ու պիտանի լինի տվյալ ընտանիքին:

Ծրագրի մեկնարկն ազդարարվել է Երեւանի քաղաքապետարանի վարչական շենքին հարակից տարածքից, որտեղից նվերներով բարձված ու «Էրեբունի-Երեւան 2796» տոնակատարությունը խորհրդանշող համապատասխան ձեւավորմամբ մեքենաները քաղաքապետարանի եւ վարչական շրջանների պատասխանատու աշխատակիցների հետ միասին շարժվել են դեպի մայրաքաղաքի 12 վարչական շրջանների` ծրագրում ներառված համապատասխան հասցեներում բնակվող ընտանիքների բնակարաններ:

Ի դեպ,  ծրագրում ընդգրկված են եւ տարեցների օրվա՝ հոկտեմբերի 1-ի կապակցությամբ արդեն ավանդույթ դարձած նվերներից բացի նվերներ կստանան նաեւ  100-ից բարձր տարիք ունեցող  երեւանաբնակ 22 քաղաքացիներ: Նվերները քաղաքացիներին են բաժանվելու սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 9-ը։

Տպել
Ամենաշատ