News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ «ՀԱՅ ՖԵՍՏ» միջազգային թատերական փառատոնն  այս տարի կկայանա հոկտեմբերի 1-8-ը: 12-րդ «ՀԱՅ ՖԵՍՏ»-ը կրում է «Փառատոնային իրարանցում» խորագիրը:

«ՀԱՅ ՖԵՍՏ»-ին այս տարի կհյուրընկալվի 18 երկրից ժամանած 200 մասնակից եւ հյուր, որոնց թվում հեղինակավոր արվեստագետներ, արտմենեջերներ, միջազգային փառատոնի նախագահներ, թատերագետներ` Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Իտալիայից, Ավստրիայից, Ֆինլանդիայից, Ռուսաստանից, Իրանից, Վրաստանից եւ այլն:

Երեւանյան 10 բեմահարթակներում կցուցադրվի ավելի քան 50 ներկայացում:

Թատերասերները հնարավորություն կունենան դիտել դրամատիկական, երաժշտական, պարային, իրերի, տիկնիկային, ինչպես նաեւ բացօթյա ներկայացումներ:

Փառատոնի հյուրերը կանցկացնեն վարպետության դասընթացներ:

Փառատոնի նշանավոր ներկայացումներից են «Ջուրը`գդալ-գդալ» ներկայացումը (հայ-ամերիկյան համատեղ թատերական նախագիծ), «ԱրտեւՇոք» թատրոնի (Ղազախստան) «Պուշկին stand-up», «Մոդեռն» թատրոնի (Ռուսաստան) «Մահացած պարեր», «Դոկ» թատրոնի (Ռուսաստան) «150 պատճառ հայրենիքդ ատելու համար», «Լայվինգ փիքչըրս» թատրոնի (Մեծ Բրիտանիա) «Խելագարի հիշատակարանը», «Ֆրեյս Բոզեն» թատրոնի (Իտալիա) «Տեսարան`արգոնավտների հետ»: 

Երեւանյան թատրոններից «ՀԱՅ ՖԵՍՏ»-ի հիմնական ծրագրում հանդես կգան Հովհ. Թումանյանի անվան Տիկնիկային, «Համազգային», «Փոքր» եւ «Միհր» թատրոնները: «ՀԱՅ ՖԵՍՏ»-ը նաեւ ուսանողներին հնարավորություն կտա ներկայացնել իրենց աշխատանքները «ԱՐՄՍ ՖԵՍՏ» ուսանողական ծրագրում:

Փառատոնի բացումը կազդարարի աշխարհահռչակ հունգարական «Լիվինգ փիքչըրս» թատրոնի «Կենդանի մակերես» մուլտիմեդիա ներկայացումը` Կ.Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում:

«Լիվինգ փիքչըրս» թատրոնը հիմնադրվել է 2003 թ-ին՝ նպատակ ունենալով ստեղծել վիզուալ եւ բազմաժանր թատերական ներկայացումներ, կենդանի ցուցահանդեսներ եւ նմանատիպ այլ ծրագրեր:

Այս ներկայացման մեջ հանդիսատեսը կարող է ուսումնասիրել երկրաբանություն կամ պարզապես հաճույք ստանալ դրանից. մեզ կարող են հիացնել տեղագրական փոխակերպումները եւ մակերեւույթի վերացական մարմինների շարժումները:

Նշենք, որ ներկայացումների մուտքը կլինի անվճար, ինչը հնարավորություն կտա ավելի մեծ թվով հայ թատերասեր հասարակությանը ծանոթանալ արտերկրի թատերական արվեստի բարձրարժեք նմուշներին: Իսկ փառատոնի բացման ներկայացումը` հրավիրատոմսերով: 

 «ՀԱՅ ՖԵՍՏ» միջազգային թատերական փառատոնն առաջին անգամ կայացել է 2003-ին: Փառատոնի նախագահն է Արթուր Ղուկասյանը: 2006 թվականից «ՀԱՅ ՖԵՍՏ»-ը գլխավոր թատերական փառատոնն է նախկին ԽՍՀՄ տարածաշրջանում (բացառությամբ Մոսկվայի):

Ասուլիսին մասնակցում էին. «ՀԱՅ ՖԵՍՏ» միջազգային թատերական փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանը, ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ժամանակակից արվեստի վարչության պետի տեղակալ Արամ Գյուրջյանը, բեմադրիչ Սոֆի Բերսին:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ