News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


Կառավարության հետ վերջնագրերի լեզվով խոսելը անընդունելի է: Այդ մասին հայտարարեց Հովիկ Աբրահամյանը՝ ի պատասխան ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանին:

Վերջինս կառավարությունից պահանջել է վերջնականապես հայտարարել՝ պատրաստվո՞ւմ է, արդյոք, փոքր բիզնեսի համար նվազեցնել շրջանառության հարկը 3,5%-ից 1%: «Դրա շուրջ կառավարությունը մշտապես հայտարարում է մեկ այս, մեկ այն: Այժմ մենք պետք է վերջնական դիրքորոշում լսենք: Պետք չէ փաթաթել բիզնեսին բարեփոխում, եթե նա դա չի ցանկանում», - հայտարարեց Բաբայանը:

Ի պատասխան Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ խորհրդարանում նման լեզվով խոսելը ընդունելի չէ: «Երբ ես ձեզ հետ խորհրդարանում էի աշխատում, ոչ ոք վերջնագրի լեզվով չէր խոսում: Չգիտեմ՝ դուք որտեղից եք յուրացրել այդ լեզուն՝ փողոցի՞ց, թե՞ մեկ այլ տեղից: Սակայն այդպես չի կարելի խոսել», - հայտարարեց Աբրահամյանը:

Կառավարությունն ու ոչ իշխանական թեւի պատգամավորները մրցակիցներ չեն, այլ գործընկերներ, հավելեց Աբրահամյանը: «Մեր ընդհանուր գործը հանրությանը օրենքի բովանդակությունը բացատրելն է: Մինչեւ դրա ընդունումը մենք բազմաթիվ քննարկումներ ենք իրականացրել, այդ թվում եւ՝ հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ: Ուստի օրենքը բացարձակապես թափանցիկ է ընդունվել», - հայտարարեց Աբրահամյանը:

Հիշեցնենք, որ 2014թ. հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտնում «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքը, ըստ որի տոնավաճառների աշխատողները իրենց ապրանքաշրջանառության վերաբերյալ փաստաթղթեր պետք է ներկայացնեն հարկային մարմնին։ Նոր փոփոխությամբ՝ առաջին անգամ փաստաթուղթ չներկայացնելու դեպքում ձեռնարկությունը նախազգուշացում է ստանում, երկրորդ անգամ՝ տուգանվում 20 հազար դրամի չափով, երրորդ անգամ՝ շրջանառության հարկի 5 տոկոսի չափով: Կառավարությունը նոր օրենքը հիմնավորում է խոշոր բիզնեսը հարկային դաշտ բերելու անհրաժեշտությամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ