News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

«168 ժամ» թերթը գրում է. «Ոչ իշխանական ուժերի քառյակն այս տարվա հունիսին հրապարակելով այդ 12 պահանջները՝ դրանք կատարելու համար վերջնաժամկետ էր սահմանել սեպտեմբերի 30-ը՝ այդպես էլ չնշելով, թե ինչ է պատրաստվում անել, եթե կառավարությունը չկատարի դրանք: Եվ ահա երեկ կառավարությունը երկարաշունչ հրապարակմամբ պատասխանել է՝ ոչ մի պահանջ էլ չի կատարելու, եթե դրանք չեն բխում կառավարության ծրագրից:

Կառավարության պատասխանն ընդամենը այն բանի ֆորմալ արձանագրումն է, ինչն առանց այն էլ պարզ էր նույն հունիս ամսին:
Տրամաբանությունը հուշում է, որ քառյակն ի սկզբանե պետք է հայտարարեր, որ իր ներկայացրած պահանջների չկատարման դեպքում պահանջելու է նախագահ Սերժ Սարգսյանի կամ առնվազն կառավարության ու վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրաժարականը:

Բայց քառյակը/եռյակը մինչեւ այսօր նման պահանջներ չի բարձրացնում, եւ քիչ հավանական է, որ կբարձրացնի հոկտեմբերի 10-ի հանրահավաքում: Այսպիսով՝ Հովիկ Աբրահամյանը կառավարության պատասխանով քառյակին դնում է երկընտրանքի առաջ՝ կամ հրաժարականի պահանջներ ներկայացնել, կամ դադարեցնել քառյակի ձեւաչափն ընդհանրապես:

 Հիմա կամ քառյակը պետք է պայքարի իր հաղթանակի, այսինքն՝ այս կառավարության դեմ, կամ պահանջի Հովիկ Աբրահամյանին վարչապետ նշանակած Սերժ Սարգսյանի հրաժարականը: Քառյակի ուժերից առնվազն երկուսը՝ ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը», նման խնդիր չունեն: Սակայն նրանց խնդիրն այն է, որ առանց ԲՀԿ-ի, որը նաեւ իրենց թեթեւ ձեռքով դարձել է ոչ իշխանականների դոմինանտ ուժը, նրանք այլեւս ի վիճակի չեն հրաժարականների պահանջ ներկայացնել:

Իսկ ԲՀԿ-ն առայժմ սահմանափակվում է միայն համակարգային փոփոխությունների պահանջով: Այնպես որ, բացառված չէ, որ համակարգային փոփոխությունների շրջանակում ԲՀԿ-ն ՀԱԿ-ից ու «Ժառանգությունից» պահանջի հրաժարվել հրաժարականի պահանջից կամ դուրս գալ քառյակ/եռյակ ձեւաչափից: Ի վերջո, դա եւս կլինի համակարգային փոփոխություն, քանի որ ներկայումս հենց այդ ձեւաչափն է կազմում քաղաքական համակարգ կոչվածի առանցքներից մեկը»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ