News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը, կրթության եւ գիտության նախարար Սլավա Ասրյանի ուղեկցությամբ, հոկտեմբերի 1-ին այցելել է Արցախի պետական համալսարան եւ հանդիպել բուհի ուսանողության եւ պրոֆեսորադասախոսական կազմի հետ:

ԼՂՀ կառավարության աշխատակազմի  տեղեկատվության եւ հասարակայնության  հետ կապերի բաժնից հայտնում են, թե նա ամփոփ անդրադարձել է հանրապետության սոցիալ-տնտեսական իրավիճակին, ինչպես նաեւ վերջին տարիներին գրանցված ձեռքբերումներին եւ բացթողումներին: Ա. Հարությունյանը նշել է, որ չնայած ընթացիկ տարում գյուղատնտեսության ոլորտում զգալի կորուստներ են եղել, բայց կառավարությանը հաջողվել է տնտեսության այլ ճյուղերի՝ մասնավորապես, շինարարության, արդյունաբերության, էներգետիկայի հաշվին տնտեսական աճ ապահովել, եւ տարին կեզրափակվի ՀՆԱ-ի պլանավորված 8-10 տոկոս աճով: Խոսելով գալիք տարվա պետական բյուջեի ծավալների եւ սոցիալական ուղղվածության մասին՝ կառավարության ղեկավարը տեղեկացրել է, որ պետբյուջեն նախատեսվելու է 86-87 մլրդ դրամի շրջանակներում, որից 59 մլրդը կուղղվի աշխատավարձերին, թոշակներին, նպաստներին եւ սոցիալական այլ ծրագրերի:

Անդրադառնալով տնտեսության մեջ ԱրՊՀ ունեցած դերին՝ վարչապետը, մասնավորապես, նշել է, որ բավարարված չէ բուհի շրջանավարտների մասնագիտական որակից: Նա մտահոգություն է հայտնել նաեւ հանքարդյունաբերության, հեռահաղորդակցության, էներգետիկայի եւ գյուղատնտեսության նկատմամբ ուսանողների հետաքրքրության ոչ ցանկալի մակարդակից,  որտեղ, չնայած  բարձր աշխատավարձերին, բուհը դիմորդների պակաս ունի:

Այնուհետեւ, վարչապետի առաջարկությամբ, հանդիպումը շարունակվել է հարցուպատասխանի ձեւաչափով՝ հնարավորություն ընձեռելով ուսանողներին ու դասախոսներին բարձրաձայնելու իրենց հուզող խնդիրների ու առաջարկների մասին:

Վարչապետը, պատասխանելով հարցին, թե կառավարությունը որքանով կարող է մեղմացնել Ստեփանակերտի հանրային տրանսպորտի ուղեվարձի թանկացման սոցիալական հետեւանքները, ընդգծել է, որ տարիներ առաջ այդ ոլորտը զգալի բարելավման է ենթարկվել կառավարության աջակցությամբ: «Որոշ ժամանակ անց խնդիրներ են ծագել ծախսերի սպասարկման հարցում, եւ «Արցախի ներդրումային հիմնադրամի» միջամտությամբ վերակառուցվել է ծառայություն մատուցող ընկերության վարկը: Երկար ժամանակ մեզ հաջողվել է հետաձգել սակագնի բարձրացումը մինչեւ աշխատավարձերի ու թոշակների նշանակալի աճը»,- ասել է կառավարության ղեկավարը:           

Ա. Հարությունյանի խոսքով՝ աշխատավարձային քաղաքականության մեջ իրագործված վերջին բարեփոխումներից հետո քաղաքապետարանը որոշել է թանկացնել հանրային տրանսպորտի սակագինը՝ 70-ից 100, որը, համաձայն անկախ ուսումնասիրությունների գնահատականների, անհրաժեշտ է համակարգի անխափան աշխատանքի կազմակերպման եւ դրա որակի բարձրացման համար: «Եթե խոսում ենք տրանսպորտի սակագնի սուբսիդավորման մասին, ապա այն պետք է իրագործվի ողջ հանրապետությունում: Փոխարենը նախատեսվում է հունվարի 1-ից սուբսիդավորել ուսանողների եւ սոցիալապես խոցելի մի շարք խմբերի ուղեվարձը՝ թե՛ Ստեփանակերտի, թե՛ շրջանային տրանսպորտից օգտվելու համար»,- ասել է Ա. Հարությունյանը՝ հավելելով, որ ներկայումս աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հետ քննարկվում են մեխանիզմի կիրառման  տարբերակները:

Այն հարցին, թե ինչպես է գործադիրը նախատեսում հիփոթեքային ծրագրի պայմանները երիտասարդության համար ավելի մատչելի դարձնել, Ա. Հարությունյանը պատասխանել է, որ կառավարությունում մշակվում է առավել մատչելի պայմաններով բնակարանների ձեռքբերման ծրագիր, եւ աշխատավարձերի ներկա մակարդակը առաջիկայում թույլ կտա այն հասանելի դարձնել առավել լայն խավերի համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ