News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենք ընդունելու պահանջով այսօր՝ հոկտեմբերի 2-ին, «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա» ՀԿ անդամները հավաքվել են կառավարության շենքի դիմաց՝ օրենքի նախագիծը եւ դիմումը կառավարությանը փոխանցելու նպատակով:

«Արդեն մի քանի տարի է, որ մենք ուզում ենք, որ կառավարությունը ընտանեկան բռնության կանխարգելման վերաբերյալ օրենքն ընդունի եւ ինչպես անցյալ տարի, այս տարի եւս մենք հավաքվել ենք կառավարության շենքի դիմաց, որպեսզի ներկայացնենք մեր դիմումը, որին կցված է նաեւ մեր կոալիցիայի անդամների, փորձագետների եւ իրավաբանների կողմից մշակված օրենքի նախագիծը»,- NEWS.am-ին ասաց նախաձեռնության անդամ Սոնա Հովակիմյանը:

Սոնա Հովակիմյանի խոսքով, օրենքի նախագիծը, որն իրենք ներկայացնելու են կառավարությանը, բաղկացած է երեք կետից եւ իրականացնելու է կանխարգելիչ գործառույթ:

«Ներկայացրած օրենքի նախագիծը կանխարգելիչ գործառույթ է պարունակում իր մեջ: Այսինքն՝ երեք կետերից է բաղկացած՝ առաջինը կանխարգելումն է, երկրորդը՝ բռնության ենթարկված կնոջից ըստ սահմանված կարգի հեռավորության պահպանումն է, եւ երրորդը՝ միջամտությունը»,- ասաց նախաձեռնության անդամը՝ ավելացնելով, որ նախագծում կա մի կետ, որտեղ պետությունը կպարտավորվի հոգեբանական ծառայություն եւս տրամադրել բռնության ենթարկված կանանց:

Սոնա Հովակիմյանի կարծիքով, ստորագրահավաքը, որը նախաձեռնել է «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա» հասարակական կազմակերպությունը եւ իրականացել Երեւանի տարբեր վարչական շրջաններում, կնպաստի Կառավարության կողմից օրենքի նախագծի ընդունմանը:

«Երեկ մենք իրազեկման ակցիա էինք նախաձեռնել եւ արդեն ունենք 1000-ից ավելի ստորագրություն, ովքեր կողմ ենք, որ ընդունվի ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքի նախագիծը»,- ասաց նախաձեռնության անդամը:

Հասարակական կազմակերպության ներկայացուցչի խոսքով, Քրեական օրենսգրքում ընտանեկան բռնությանը վերաբերող կետերն ամբողջությամբ հնարավորություն չեն տալիս պաշտպանել կնոջը, եւ առանձին օրենքի անհրաժեշտություն կա:

«Այն օրենքը, որը մենք հիմա ունենք, հնարավորություն չի տալիս համապատասխան ձեւով միջամտություն իրականացնել, որպեսզի կինը պաշտպանված լինի: Մեր պահանջը հենց դա է, որ լինի առանձին օրենք, այլ ոչ թե օրենքներին կից առանձին ենթակետեր, որոնք վերաբերում են ընտանեկան բռնությանը»,-ասաց Սոնա Հովակիմյանը՝ ավելացնելով, որ անցյալ տարի Ազգային ժողովում իրենց օրենքի նախագիծը քննարկվել է, սակայն չի ընդունվել՝ պատճառաբանությամբ, որ Քրեական օրենսգրքում կան կետեր, որոնք բավարար են, եւ անհրաժեշտություն չկա առանձին օրենք ընդունել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ