Թուրքիայի Գազի համալսարանի գեղարվեստի ֆակուլտետում հայտարարվել է «Հայերի դաժանությունը պատկերող աֆիշի միջազգային մրցույթ», հաղորդում է Ermenihaber.am-ը: Արդյունքների հրապարակման համար ընտրվել է Հրանտ Դինքի սպանության օրը` հունվարի 19-ը: Այս մասին տեղեկացնում է Ստամբուլում հրատարակվող հայկական «Ակոս» երկլեզու (հայերեն, թուրքերեն) շաբաթաթերթը:
Մրցույթը կազմակերպվել է վերոնշյալ ֆակուլտետի եւ Թուրքիայում Ադրբեջանի դեսպանության համագործակցությամբ: Մրցույթի հայտարարության մեջ մասնավորապես նշված է, որ թուրքերը իբրեւ թե գթասիրտ են եղել, բայց հայերի դավաճանության հետեւանքով վերջ է դրվել երկու ժողովուրդների միջեւ եղած երբեմնի հավատարմությանը:
Ֆակուլտետի դեկան պրոֆեսոր Ալեւ Չաքմաքօղլուն ասել է, որ, մրցույթի նպատակը առաջին աշխարհամարտի ընթացքում եւ հետո թուրք ազգի նկատմամբ հայերի իրականացրած կոտորածներն անտարբերության մատնած աշխարհին սթափեցնելն է: Մրցույթին մասնակցելու կոչ է արվել բոլոր այն արվեստագետներին, ովքեր կարեւորում են մարդու իրավունքները: