News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Ցեղասպանության 100-ամյա տարելիցին՝ 2015 թ. ապրիլի 24-ին, գործող իշխանություններին հեռացնելու իր ծրագրի մասին քաղաքացիներին իրազեկելու նպատակով այսօր՝ հոկտեմբերի 19-ին, «Նախախորհրդարանի» նախաձեռնած համահայաստանյան առաջին ավտոերթի մեկնարկից րոպեներ առաջ բերման ենթարկվեց ակցիայի մասնակից Հարութ Աղլամազյանը: Վերջինը ավտոեթի սկզբնակետ համարվող «Նաիրիտ» գործարանի պատին մի քանի տեղգրել էր «100-ամյակն առանց ռեժիմի» կարգախոսը, ինչը ոստիկանները որակեցին որպես  «օրինազանցություն եւ շինության ոչ նպատակային օգտագործում»: Հարութ Աղլամազյանին բերման ենթարկեցին արձանագրություն կազմելու նպատակով՝ խոստանալով, որ նա շուտով կմիանա ավտոերթին:

«Բռնի կերպով ինձ տանում եք, արձանագրություն կազմե՞ք, ես գալիս եմ, հետո ինձ հե՞տ կբերեք»,- բողոքեց բերման ենթարկվածը:

«Բերման ենթարկելու նպատակն ընդամենը հնարավորինս խոչընդոտելն է, ցույց տալը, որ իրենք օրինապահ են, օրենքի շրջանակում են աշխատում: Մենք պետք է հասկանանք, որ ինչպես պետությունն է դեկորատիվ, այնպես էլ  դրա ինստիտուտներն են, այդ թվում՝ ոստիկանությունը: Ոստիկանությունը հանցավոր կազմակերպության մաս է: Իշխանությունը յուրացրած բանդայի մահակն է ոստիկանությունը: Ապագա Հայաստանում համապատասխան պետական պաշտոնյաները՝ այդ թվում ոստիկանները, պիտի իրենց կատարածի համար պատասխան տան: Ծիծաղելի է իրենց վարքագիծը, ադեկվատ չեն իրենք»,- ակտիվիստին բերման ենթարկելու միջադեպի մասին ասաց «Նախախորհրդարանի» անդամ Վարուժան Ավետիսյանը:

Անդրադառնալով ավտոերթին՝ ակցիայի համահեղինակը նշեց, որ այն բավական ազդեցիկ է լինելու եւ տեղեկատվական շրջափակման պայմաններում այլընտրանքային գաղափար է:

«Մարդիկ այսօր գտնվում են պաշտոնական եւ կեղծ ընդդիմության քարոզչամեքենայի ազդեցության տակ, եւ այսպիսի ակցիաները կարող են ճեղքում ապահովել: Եթե մարդիկ իրազեկվեն՝ ինչն ինչոց է, բնականաբար, այլեւս հույսեր չեն կապի կեղծ ուժերի հետ եւ կլծվեն իրենց երկիրը, իրենց պետությունը կառուցելու գործին»,-  նշեց Վարուժան Ավետիսյանը:

Նշենք, որ Հարութ Աղլամազյանին երեք ժամ ոստիկանությունում պահելուց եւ արձանագրություն կազմելուց հետո ազատ են արձակել:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 19-ին մեկնարկած իրազեկման ավտոարշավի առաջնորդությունը ստանձնել է «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի համակարգող, «Նախախորհրդարանի» քարտուղարության համակարգող, Շուշիի առանձանկի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը:

Ավտոերթը կանցնի Երեւանին հարակից շուրջ 50 բնակավայրերով: Այսօրվա  ավտոերթի երթուղին էր՝ Երեւան-Արտաշատ-Մասիս-Արմավիր-Վաղարշապատ-Աշտարակ-Աբովյան-Երեւան:

Տպել
Ամենաշատ