News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


«Նախախորհրդարանի» անդամ, Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի՝ ԱՍԱԼԱ-ի մարտիկ, Ժնեւում գործողության պատրաստության ժամանակ տեսողությունը կորցրած Ալեք Ենիգոմշյանը հոկտեմբերի 19-ին իր հետ կատարվածը կապում է իր ընկերոջ՝ Վահրամ Գաբրիելյանի, եւ քաղաքացիական հագուստով ոստիկանի միջեւ տեղի Արտաշատում «Նախախորհրդարանի» կազմակերպած «100-ամյակն առանց ռեժիմի» ավտոերթի ընթացքում տեղի ունեցած միջադեպի հետ։

«Մենք Արտաշատի շրջանում ամբողջ շարասյունով կանգնած էինք:  Քանի որ առավոտյան կամ նախորդ գիշեր անձրեւել էր, մեր կանգնած մեքենայի ճիշտ կողքը բավական լայն, մեծ տրամագծով ցեխաջուր էր առաջացել: Մի մեքենա արագ սլանալով անցավ այդտեղով եւ ցեխաջուրը շպրտեց ուղիղ մեր մեքենայի վրա: Մեքենան ողողվեց ցեխաջրով, որը նաեւ ներս լցվեց: Այդ մեքենան մի քիչ առաջ գնաց, եւ կանգնեց: Երբ այն կանգնեց, Վահրամը դուրս եկավ մեքենայից, գնաց նրա մոտ բողոքելու եւ լեզվակռվի բռնվեց նրա հետ: Ընդամենը կես րոպե տեւեց այդ վեճը, որից հետո Վահրամը վերադարձավ մեքենա եւ ասաց, որ այդ անձը որպես ոստիկան է ներկայացել: Րոպեներ հետո Վահրամն ասաց, որ այդ անձը լուսանկարել է մեքենան: Այդ անձը հայտարարել էր, որ իբր Վահրամը վեճի ժամանակ իրեն հարվածել է՝ իր, որպես ոստիկան ներկայանալուց հետո, ինչն ամբողջությամբ անհեթեթություն է: Ես ոչ միայն բացառում եմ, որ Վահրամը նրան հարվածած լինի որպես ոստիկան ներկայանալուց հետո, այլեւ համոզված եմ, որ Վահրամը նրան ընդհանրապես չի էլ հարվածել: Նրա արաքը պրովոկացիա էր: Նա, միգուցե, հույս ուներ, որ հենց տեղում իրարանցում կստեղծվի եւ երեկվա ավտոարշավի ակցիան կխանգարվի, ոստիկանները կմիջամտեն: Դա տեղի չունեցավ: Ինքը լուսանկարելով` փաստացիորեն փոխանցել է այսպես կոչված հետաքննիչ մարմիններին, որոնք երեկոյան իրենց այդ մեծ պետականաշեն առաքելությունը հաջողությամբ իրականացրին եւ' Վահրամի, եւ' իմ նկատմամբ»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Ալեք Ենիգոմշյանը:     

Հիշեցնենք, որ ավտոերթից հետո Երեւանում Ոստիկանության քրեական հետախուզության բաժնի աշխատակիցները կանգնեցրել են Վահրամ Գաբրիելյանի վարած մեքենան, Վահրամին մեքենայով տարել ոստիկանական բաժին՝  փողոցի բանուկ հատվածում միայնակ ու անօգնական թողնելով Ալեք Ենիգոմշյանին, թեեւ վերջինը մի քանի անգամ կրկնել է, որ կույր է։

Ենիգոմշյանի խոսքով` երեկվա միջադեպը բարոյական, իրավական, քաղաքական տարրեր է պարունակում: 

«Բարոյական առումով, կարծում եմ, ցանկացած մարդ կասկած չի ունենա, որ լրիվ անբարոյական եւ նույնիսկ անմարդկային քայլ էր անօգնական մարդուն, այս դեպքում` ինձ, պաշտպանվելու եւ կողմնորոշվելու  բացարձակ հնարավորություն չունեցող անձին, միայնակ թողնել փողոցի բանուկ հատվածում առանց զգուշացնելու եւ հեռանալ: Անբարոյական, անպատասխանատու քայլը շատ մեղմ գնահատական է: Հարցը առավելեւս անբարոյական է դառնում, երբ անողները իբր իրավապահ մարմինների ներկայացուցիչներն են: Մինչդեռ իրենք բավական ծանր քրեական հանցանք են կատարել: Այս առումով հոկտեմբերի 20-ին Վլադիմիր Գասպարյանի արձակած հրամանը՝ ինձ ճանապարհին թողնելու հարցով ծառայողական քննություն սկսել, բացարձակապես չի համապատասխանում կատարված արարքին, որովհետեւ ծառայողական քննությունը վերաբերում է կարգապահական խախտումներին, մինչդեռ այստեղ քրեորեն պատժելի հանցանք էր տեղի ունեցել: Եւ Վլադիմիր Գասպարյանի  որոշումը այդ արարքը ծածկելու նպատակ է պազապես հետապնդում»,- ասաց Ենիգոմշյանը։

Նա պնդեց, որ բարոյական եւ իրավական գործոնների կողքին արարքի բուն նպատակը  անկասկած քաղաքական է:

«Իմ միջոցով իմ ընկերներին եւ բոլոր ազնիվ պայքարողներին վախեցնելու, նրանց սպառնալու նպատակ է հետապնդում: Վախեցնել, որ ձեր կյանքը նաեւ այսպես շատ մեղմ, շատ անմեղ ձեւով կարող է վտանգի տակ լինի: Ի հեճուկս իրենց ցանկությունների` պիտի ասեմ, որ չարաչար սխալվում են, որովհետեւ նման անհեթեթ արարքներով նրանք ոչ թե մեզ վախեցնում են, այլ մեզ դարձնում են ավելի վճռական»,- նշեց Ալեք Ենիգոմշյանը:     

Ալեք Ենիգոմշյանը դեռ չի որոշել՝ կդիմի ոստիկանություն իր հետ կատարվածի առնչությամբ, թե ոչ, սակայն արդար հետաքննության հույս չունի։

Տպել
Ամենաշատ