News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների վարչության պետ Վլադիմիր Խոեցյանն ահազանգում է, որ համալսարանի աշխատակազմի ղեկավար Սամսոն Զատիկյանը գիշերը մտնում է վարչության աշխատակիցների սենյակներ եւ խուզարկում դրանք:  Վլադիմիր Խոեցյանն այսօր՝ հոկտեմբերի 22-ին, լրագրողների հետ զրուցում նշեց, որ աշխատազմի ղեկավարի գործողությունները խախտում են վարչության բնականոն աշխատանքը եւ սպառնում աշխատակիցների անվտանգությունը:

«Այսօր Պոլիտեխնիկում շատ սուր խնդիր է այն, որ ռեկտորի հովանավորությամբ ու հանձնարարականով աշխատակազմի նոր ղեկավարը, որը նախկինում 20 տարի ոստիկանական համակարգում է աշխատել, սկսել է ճնշումներ գործադրել տարբեր ստորաբաժանումների վրա: Ամենագլխավորը, որի պատճառով մենք որոշեցինք բարձրաձայնել խնդրի մասին, այն է, որ նա գիշերները մտնում, խուզարկում է աշխատասենյակները: Նա գնդապետ է, ոչ մի կապ չունի տեղեկատվական տեխնոլոգիաների հետ, գիտի՝ գումարտակ է եկել կառավարելու, էդ մեթոդներով փորձում է կարգավորել»,-ասաց Վլադիմիր Խոեցյանը:

Վարչության պետի խոսքով՝ ինքը աշխատակազմի ղեկավարի նման գործողությունների մասին տեղեկացել է ներքին աղբյուրներից, բարձրաձայնել, որից հետո աշխատակազմի ղեկավարը զեկուցագիր է գրել, ըստ որի հոկտեմբերի 16-ին՝ գիշերը ժամը 1։10-ին, ինքը ռեկտորի թույլտվությամբ մտել է ծրագրավորողների աշխատասենյակ ստուգելու՝ էլեկտրաէներգիան միացրած է, թե ոչ:

Վլադիմիր Խոեցյանի խոսքով՝ խնդիրն իրավական է, քանի որ վտանգված է իր եւ իր աշխատակիցների անվտանգությունը:

«Եթե վաղը, մյուս օր պարզվի, որ իմ աշխատասենյակի համակարգչից ինչ-որ գործողություն է կատարվել, ես եմ դրա պատասխանատվությունը կրելու»,-ասաց նա:

Վարչության պետը դժվարացավ նշել, թե ինչը կարող է լինել աշխատակազմի ղեկավարի նման պահվածքի պատճառը: Նրա խոսքով՝ Սամսոն Զատիկյանը գործում է ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանի հովանավորությամբ, որն էլ վերջին շրջանում վատ է տրամադրված վարչության նկատմամբ:

«Պարոն Թոքմաջյանի հետ սկզբնական շրջանում շատ լավ ենք աշխատել, անգամ ռեկտորի անվան շուրջ եղած կոնֆլիկտից հետո ես էի իր ներկայացուցիչը 6-րդ վարչությունում, ես եմ դիմում գրել: Բայց վերջին ժամանակներում իր վերաբերմունքը սարսափելի սրվեց: Աշխատասենյակները վերցրեց, ասաց՝ բոլորով իրար հետ կնստեք»,-ասաց Վլադիմիր Խոեցյանը՝ նշելով, որ դժվար թե ամենի պատճառն այն լինի, որ կասկածեն, թե ինքն է ռեկտորի անվան հետ կապված սկանդալային պատմության հեղինակը: 

Վլադիմիր Խոեցյանը տեղեկացրեց, որ իրենք դիմում են գրել ԿԳ նախարարին եւ ՀՀ գլխավոր դատախազին: Նրա խոսքով, եթե խնդիրը լուծում չստանա, իր վարչությունը չի կարողանա շարունակել աշխատել, ինչն էլ համալսարանի ՏՏ սպասարկումը «կոլապսի կենթարկի»:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 5-ին համացանցում էին հայտնվել ՀՊՃՀ ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանի  ֆեյսբուքյան էջի անձնական ինտիմ նամակագրությունը: Ռեկտորը հայտարարել էր, որ իր էջը կոտրել են, նա հաղորդում էր ներկայացրել ոստիկանությունում, հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 1-ին մասով:

Տպել
Ամենաշատ