News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Մի խումբ  երիտասարդներ այսօր՝ հոկտեմբերի 23-ին, Կոմիտասի պուրակից ազգային երգեր կատարելով շարժվեցին դեպի մոտակա կանգառ, որտեղ խմբերի բաժանվելով՝ բարձրացան տարբեր ավտոբուսներ, հնչեցրին հայ ազգային երգը՝ ուղեւորներին եւ վարորդներին նվիրելով երգերի տեքստերը եւ  ազգային երգերով ձայնասկավառակներ:

Ակցիայի նպատակն էր օգնել ազգին ազատվել օտար, վատ ազդեցություններից եւ լսել ու տարածել հայկական երաժշտությունը:

«Տրանսպորտում, հեռուստատեսությամբ, ռադիոյով երաժշտություն է պտտվում, որը ոչ մի ձեւով չի խոսում մեր բուն  ազգային երաժշտության հետ, ու մարդկանց մոտ թյուր կարծիք է ստեղծվել, թե ռաբիսը, թուրքամետ ցածր երժշտությունը մեր ազգայինն է: Նախաձեռնությունը մի կաթիլ է այս կեղտոտ ջրի մեջ, մենք էլ կաթիլները կշատացնենք»,- ասաց նախաձեռնության հեղինակներից Անի Նավասարդյանը:

Ակցիայի մասնակիցները հույս ունեն, որ այս նախաձեռնության շնորհիվ մարդիկ կսկսեն ավելի շատ լսել հայ ազգային երաժշտությունը:

«Հույս ունենք, որ մարդիկ կսկսեն լսել իրենց բուն հայկական երաժշտությունը, ոչ թե ժամանակակից, ինչ-որ օտար, արաբական, թուրքական բաների հետ խառնված մեղեդիներ: Հուսով ենք, որ սրա շնորհիվ մենք կկարողանանք գոնե մարդկանց ինչ-որ հատվածին վերադարձնել իրենց արմատներին»,- NEWS.am-ին ասաց ակցիայի մասնակից Արտաշես Տոնոյանը:

Նշենք, որ ուղեւորների արձագանքը հիմնականում դրական էր: Ոմանք նույնիսկ ոգեւորվեցին եւ միացան ակցիայի մասնակիցներին:

«Կարեւորը երեւույթն է իրականում, ոչ թե այն, որ ես կերգեմ կամ մյուսը չի երգի կամ հակառակը: Սա նախեւառաջ գիտակցության համարձակություն է: Այս կարգի նախաձեռնությունները ստիպում են հանդուրժող չդառնալ»,- ասաց ակցիային միացած ուղեւորը:

Նախաձեռնությանը միացած «Խազեր» երգչախմբի, «Մենք»  ազգային երգի-պարի խմբի, «Քարահունջ»  ֆոլկ խմբի,եւ «Կանաչ»  ջոկատի անդամները գոհ էին ուղեւորների եւ վարորդների արձագանքից, եւ խոստացան, որ ակցիան շարունակական բնույթ է կրելու:

Նշենք, որ ակցիայի ընթացքում բաժանվեցին շուրջ 400 ձայնասկավառակներ:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ