News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը


2001թ. Իրանում ավիավթարից մահացած օդանավի ինժեներ Համլետ Օհանյանի կինը՝ Լարիսա Օհանյանը, Կառավարությունից պահանջում է իր ամուսնուն հասանելիք 6 տարվա թոշակը՝ 18 մլն դրամ: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 30-ին, Կառավարության շենքի մոտ լրագրողներին ասաց Լարիսա Օհանյանը:

«Թող իմ 18 միլիոնը տան, ես համ իմ էրեխեքին տուն կառնեմ, համ էլ կշարունակեն իրենց ուսումը, ուրիշ բան չեմ ուզում, մուրացկանություն չեմ անում»,-ասաց վրդովված կինը:

Մահացած ինժեների այրին պատմեց, որ օրեր առաջ դիմել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին երեխայի ուսման վարձի հարցում օգնելու համար, սակայն վերջինը կոպտել է կնոջը՝ ասելով. «Մենք գիտենք՝ դու ինչով ես զբաղված»:

«Ինչո՞վ եմ զբաղված, պոռնկությո՞ւն եմ անում, որ չորս երեխաներիս եմ պահում, գրագետ եմ մեծացնում: Եռման ջուրը լցրեց գլխիս, եթե մինչեւ հիմա չէի գալիս էստեղ բողոքելու, հիմա գալու եմ, հերիք եղավ, բոլ եղավ»,- ասաց կինը:

Լարիսա Օհանյանը նշեց, որ տարիներ շարունակ միայնակ է մեծացրել չորս երեխաներին, սակայն այլեւս ի վիճակի չէ: Կինը կառավարության շենքի մոտ էր բերել իր երեխաների վկայականներն ու դիպլոմները:

«3 երեխաներս արդեն զրկվեցին սպորտից, նույնիսկ արդեն սեւ գոտի պիտի ստանար, Հայաստանին չեմպիոն էր, զրկվեց, որովհետեւ 60 հազար ես չեմ կարող մուծել, երկու ուսանողներս զրկվել են քննությունները հանձնելու հնարավորությունից, որովհետեւ ի վիճակի չենք վարձը մուծել: Ամեն ինչից զրկվել են, տնից, հորից, նպաստից, թոշակից, ի՞նչ են ուզում, մենք էլ զրկվենք, մոստից չեմ գնա, թող գան գյուլլեն»,-ասաց տիկին Լարիսան:

Նշենք, որ հաշմանդամ կամ աշխատանքի ընթացքում մահացած օդաչուներին 2006-ից ոչ մի փոխհատուցում չի տրվել, ընդհանուր պարտքը կազմում է 570 մլն դրամ: Շահառու 118 օդաչուներից 63-ն են այժմ կենդանի:

Հիշեցնենք, որ «Արմավիա» ընկերությունը «Հայկական ավիաուղիները» ձեռք բերելուց հետո այդ ընկերության իրավահաջորդ չի ճանաչվել։ Մինչեւ 2004թ. գործող օրենսդրությամբ լուծարվող կազմակերպությունների դեպքում, երբ իրավահաջորդ չէր լինում, պետությունը փոխհատուցում էր այդ գումարները: Սակայն 2004-ից հետո կատարված օրենսդրական փոփոխությամբ պետությունն այդ պարտավորությունը չունի։

Տպել
Ամենաշատ