News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունում տեղի է ունեցել նախարարին կից կոլեգիայի հերթական նիստը, որը վարել է կոլեգիայի նախագահ, ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Օրակարգում ընդգրկված էր երկու հարց՝ Կրթության գերազանցության ազգային ծրագրի ներկայացում եւ ավագ դպրոցներում կրթության ֆինանսավորման եւ ֆինանսական արդյունավետության մոնիթորինգի արդյունքների ներկայացում:

Նիստի սկզբում նախարար Ա. Աշոտյանը տեղեկացրել է, որ կոլեգիայի կազմում կատարվել է փոփոխություն՝ մեծացվել է հանրային սեկտորի ներկայացուցիչների ընդգրկվածությունը, մասնավորապես, կոլեգիայի աշխատանքներին այսուհետ կմասնակցի նաեւ «Բաց հասարակության հիմնադրամներ» կազմակերպության ներկայացուցիչը: Նիստին, նախարարի առաջարկությամբ, մասնակցել են նաեւ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի եւ Հանրային խորհրդի ներկայացուցիչները՝ հաշվի առնելով օրակարգում ընդգրկված հարցերի հանրային նշանակությունը:

Կրթության գերազանցության ազգային ծրագիրը կոլեգիայի անդամներին հեղինակային խմբի անունից ներկայացրել է “Այբ” հիմնադրամի գործադիր տնօրեն Դավիթ Սահակյանը: Ծրագիրը մշակվել է` իբրեւ հայկական բակալավրիատի միջազգային չափանիշներով պլատֆորմ ստեղծելու հենք՝ Լոնդոնի կրթության ինստիտուտի եւ Քեմբրիջի համալսարանի համագործակցությամբ:

Առաջարկվում է հայկական ծրագիրը կոչել Արարատյան բակալավրիատ, որն անցնելու է միջազգային հավատարմագրման գործընթաց: Գերազանցության կենտրոնի ծրագրի առաջին փուլով առաջարկվում է իրականացնել ուսուցիչների վերապատրաստում եւ հավաստագրում՝ միջազգային չափորոշիչներով: Առաջարկվող տարբերակով հավաստագրմանը կարող են մասնակցել առնվազն մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի աստիճան ունեցող, համապատասխան վերապատրաստման դասընթացին մասնակցած ուսուցիչները:

Հավաստագիր ունեցող ուսուցիչների վարձատրությունը համեմատաբար բարձ է լինելու՝ մոտ 400 հազար դրամ: Առաջին փուլում ծրագիրը կներդրվի ՀՀ 12 դպրոցում, որից 10-ը` մարզերում, 2-ը Երեւանում եւ ԼՂՀ մեկ ավագ դպրոցում: Այնուհետեւ աստիճանաբար այն կտարածվի եւ կընդգրկի ավելի մեծ շրջանակներ: Գերազանցության ազգային ծրագրի ներկայացումից հետո կոլեգիայի անդամները հարցեր են ուղղել հեղինակներին՝ դրա իրականացման մեխանիզմների, նախագծում առկա բացթողումների ու թերությունների վերաբերյալ, ինչպես նաեւ ներկայացվել են մի շարք դիտողություններ ու առաջարկություններ:

Կոլեգիան, հաշվի առնելով ներկայացված առաջարկություններն ու դիտողությունները, որոշում է կայացրել հեղինակային խմբին հնարավորություն տալ ծրագիրը լրամաշկել եւ մինչ հանրային ավելի լայն քննարկումների դնելը մեկ անգամ եւս ներկայացնել կոլեգիայի դատին: Միաժամանակ որոշվել է դիմել Ազգային ժողովին՝ Կրթության գերազանցության ազգային ծրագրի վերաբերյալ խորհրդարանական լսումներ կազմակերպելու առաջարկությամբ:

Գերազանցության ազգային ծրագրի հանրային քննարկումների փուլը տեւելու է մի քանի ամիս, որից հետո ծրագիրը կբերվի վերջնական տեսքի եւ կներկայացվի կառավարության հաստատմանը: Քննարկման ընթացքում նախարարն ընդգծել է, որ Կրթության գերազանցության ազգային ծրագրի ներդրումը չի հակասում գործող պետական կրթական չափորոշիչներին եւ կրթական բարեփոխումների շրջանակում Կրթության ազգային ինստիտուտի կողմից իրականացվող ուսուցիչների վերապատրաստման գործընթացին:

Տպել
Ամենաշատ