News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

2-ամյա Լիայի մահվան մեջ մեղադրվող բժիշկ Լիլիթ Վարդանյանն այսօր՝ հոկտեմբերի 30-ին, Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հարցաքննության ժամանակ չընդունեց իր մեղքը՝ ասելով, որ ինքը երեխայի բուժման համար արել է այն ամենը, ինչ կաներ յուրաքանչյուր բժիշկ:

«Ես երբեւէ անփույթ եւ անբարեխիղճ չեմ եղել, ես ցույց եմ տվել առաջին օգնություն: Իմ գործողությունների առումով խիղճս հանգիստ է, բայց, իրոք, ցավում եմ, որ մահ է եղել»,- ասաց նա՝ պատասխանելով  դատախազ Դավիթ Կարապետյանի հարցին, թե նա չի համարում, որ «գոնե չնչին չափով անփույթ է եղել»:

Լիլիթ Վարդանյանն իր ցուցմունքում նշեց, որ մանկաբույժի 5 տարվա փորձ ունի, սովորել է Երեւանի Մխիթար  Հերացու անվան պետական բժշկական համալսարանում.

«Բոլոր դատական նիստերին քննվեց իմ անգրագիտությունը, թե ո՞նց կարելի էր ինձ ընդհանրապես վստահել հիվանադանոց: Իմ անգրագիտությունը ձեռք եմ բերել սովորելով պետական բժշկական համալսարանում: Համալսարանի մանկաբուժության ամբիոնում ասպիրանտ եմ, դասավանդում եմ մագիստրոսական խմբերում»:

Լիլիթ Վարդանյանը պատմեց, որ 2012թ. դեկտեմբերի 31-ին «Արաբկիր» ԲԿ-ում եղել է  հերթապահ բժիշկներից մեկը, երբ «շտապօգնության» մեքենայով հիվանդանոց են տարել 2-ամյա Լիա Միսակյանին:

«Այդ օրը կարելի էր միջին ծանրաբեռնվածության համարել, կար շուրջ 100 հիվանդ: Մայրը ներկայացրեց ինձ, որ երեխան վիրուսային վարակ ունի: Նշեց, որ երկու օր է՝ հիվանդ է, ջերմել է, մեկ օր առաջ ջերմության ֆոնի վրա փսխել է, եղել է ցնցում, ունեցել է գիտակցության կորուստ, որը վայրկյաններ է տեւել»,- պատմեց բժշկուհին:

Լիլիթ Վարդանյանի խոսքով՝ ինքը զննել է Լիային, նրա վիճակը գնահատել ծանր, բայց հարկ չի համարել անտիբիոտիկներով բուժում սկսել:

«Երեխայի մոտ նախանշանները բնորոշ էին վիրուսային վարակի՝ շնչառությունը բերանով էր, քթից առատ արտադրություն ուներ, տնքում էր, այտերը մի փոքր կարմրած էին, շրթունքները չոր էին, 38.4 ջերմություն ուներ: Թոքերը լսել եմ, թոքաբորբին բնորոշ խզոցներ չէին: Թոքաբորբի նշաններ չկային, քանի որ շնչառությունն առանց հեւոցի էր, առանց ներքաշումների: Նշանակեցի կաթիլային եւ ջերմիջեցնող, հանձնարարեցի անալիզներ կատարել»,-պատմեց  Լիլիթ Վարդանյանը՝ վստահեցնելով, որ իր բուժումը դրական արդյունք է տվել :

Լիլիթ Վարդանյանը դատարանին հայտնեց, որ, չնայած փոքրիկի ծանր վիճակին,  անհրաժեշտ չի համարել շտապ անալիզներ հանձնել եւ լաբորատորիայի բժշկին կանչել:

«Մենք այդպես ենք աշխատում, երբ անալիզը վերցնում ենք երեկոյան, առավոտյան 9-ից 11-ը պատասխանները ստացվում են: Ես ցուցում չեմ ունեցել լաբորատորիայի բժշկին հրավիրել երեկոյան, որպեսզի շտապ անալիզների պատասխանները պատրաստ լինեն»,- նշեց նա:

Մեղադրյալի խոսքով՝ իրեն չեն տեղեկացրել, որ Լիայից անալիզներ չեն վերցրել, հետեւաբար հերթապահության ժամանակ ինքը չէր կարող իմանալ դրանցում առկա շեղումների մասին. «Ես մտել եմ լաբորատորիա, հարցրել եմ՝ հիվանդների անալիզների հետ կապված ես խնդիրներ ունե՞մ, լաբորանտն ասել է՝ ոչ, էական շեղումներ չկան: Ես չեմ իմացել, որ արյան քննության համար նմուշ վերցված չի եղել Լիայից: Երբ ասեցին, որ արյան անալիզների մեջ շեղումներ չկան, ես չգիտեի, որ Լիայի անալիզը էդ շեղում չունեցողների մեջ չի եղել: Եթե չի կատարվում ցուցումը, անպայման տեղեկացնում են հերթապահ բժիշկներից որևէ մեկին, բայց ես որևէ տեղեկություն չեմ ունեցել: Ես տեղեկացա, որ կատետորը դրված է եւ երեխան կաթիլային է ընդունում, իսկ դա նշանակում է, որ անալիզները պետք է վերցված լինեին»:

Լիլիթ Վարդանյանը չհամաձայնեց դատախազի եւ դատավորի այն տեսակետի հետ, որ իր պարտավորությունների մեջ չէր մտնում վերահսկել, որպեսզի բուժքույները անալիզները ճիշտ ժամանակին վերցնեն, եւ հետեւել, որ քննության պատասխանները տեղ հասնեն ժամանակին:

Բժիշկն իր ցուցմունքում նշեց, որ համաձայն չէ փորձագետների այն կարծիքի հետ, որ  ինքը երեխային ջերմիջեցնող չպետք է նշանակեր:

Նշենք, որ փորձագետ Արուսյակ Խաչատրյանը ավելի վաղ դատարանին հայտնել էր, որ Լիա Միսակյանի մոտ եղել է ագրոնուլոցիտոզ, որն արյան մեջ լեյկոցիտների խիստ նվազումն է: Մանկաբույժ փորձագետն ասել էր, որ եթե բժշկուհին իր ձեռքի տակ ունենար արյան անալիզի պատասխանները, ապա ջերմիջեցնող դեղամիջոցները չէր նշանակի և կսկսեր հակաբակտերիալ բուժում:

Հիշեցնենք, որ 2-ամյա Լիան «Արաբկիր» բժշկական կենտրոն էր տեղափոխվել 2012թ.  դեկտեմբերի 31-ին: Սկզբում, դեղամիջոցներ ընդունելուց հետո, փոքրիկն իրեն ավելի լավ էր զգացել, բայց մեկ օր անց նրա վիճակը վատացել էր, եւ աղջնակը մահացել է:

«Արաբկիր» բժշկական համալիրի մանկաբույժներ Լիլիթին եւ Զարինեին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, որը նախատեսում է ազատազրկում՝ 2-6 տարի ժամկետով, իսկ որոշ պաշտոններ զբաղեցնելու կամ որ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը 3 տարի ժամկետով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

Տպել
Ամենաշատ