Արցախում ադրբեջանցի դիվերսանտների դատավարությունն ընթանում է միջազգային նորմերին համապատասխան: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 1-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
«Ես գալիս եմ այն եզրահանգման, որ առաջին հերթին դատավարությունը վարում ենք միջազգային նորմերին համաձայն, եւ Արցախը այստեղ էլ ցույց է տալիս, որ ինքը որպես ժողովրդավարական երկիր նաեւ իր դատական իշխանության ձեւավորման գործընթացում առաջատարներից մեկն է տարածաշրջանում: Դատավարության ընթացքում իրենք իրենց պատիժը կստանան պարտադիր»,-ասաց նախարարը:
Հիշեցնենք, որ դատավարությունն անցնում է ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում:
Դիլհամ Ասկերովին մեղադրանք է առաջադրվել Լեռնային Ղարաբաղի քրեական օրենսգրքի 7, իսկ նույն երկրի քաղաքացի Շահբազ Գուլիևին ՝ 5 հոդվածների հատկանիշներով։ Նրանք մեղադրվում են ազգային ատելության շարժառիթներով մարդուն առևանգելով սպանելու, կազմակերպված խմբի կողմից անչափահասի նկատմամբ զենքի գործադրմամբ բռնություն գործադրելու, լրտեսության, Ղարաբաղի պետական սահմանը կազմակերպված խմբի կողմից հատելու, հրազեն և ռազմամթերք կրելու մեջ։ Դիլհամ Ասկերովին նաև կազմակերպված խմբի կողմից ազգային ատելության շարժառիթով երկու անձանց սպանության փորձի մեղադրանք է առաջադրվել։