News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Սյունիքի մարզպետի պաշտոնից ազատված եւ Ջրային տնտեսության պետական կոմիտեի ղեկավար Վահե Հակոբյանի աշխատանքից ազատվելու պատճառը ոլորտի բարդությունն է, ինչից էլ նա «դիսկոմֆորտ» էր զգում: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները:

Ջրային տնտեսության կոմիտեի ղեկավար նշանակելվելուց հետո Վահե Հակոբյանն ամեն րոպե ցանկանում էր հրաժարականի դիմում ներկայացնել, չունենալով փորձ այդ ոլորտում, չտիրապետելով իրավիճակին՝ չէր հարմարվում նոր աշխատանքին: Ավելին, նախկին մարզպետը մեծ երանությամբ էր հիշում պատգամավոր եղած տարիները: Իսկ այժմ նորից խորհրդարան վերադառնալու հավանականությունը փոքր է, տարբերակներից մեկն այն է, որ սյունեցի պատգամավորներից մեկին պաշտոն տան, կամ հրաժարվի մանդատից, նշանակվեն նոր ընտրություններ եւ նա առաջադրվի:

Ինչ վերաբերում է Վահե Հակոբյանի՝ նոր աշխատանքի անցնելուն, առայժմ դրա մասին խոսակցություններ չկան: Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նախկին տնօրեն Մաքսիմ Հակոբյանի որդին կզբաղվի իր բիզնեսներով:

Ի դեպ, ինչպես միշտ, Վահե Հակոբյանի պաշտոնանկության պատճառների եւ նրա ապագայի մասին ունեցած տեղեկությունները հնարավոր չէ ճշտել անձամբ հասցեատիրոջից: Նրա հեռախոսահամարները կամ անհասանելի են, կամ էլ չի պատասխանում զանգերին:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանն, այսօր՝ նոյեմբերի 21-ին, իր դիմումի համաձայն, վարչապետի որոշմամբ ազատվել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության Ջրային տնտեսության պետի պաշտոնից: Նրա փոխարեն պաշտոնակատար է նշանակվել կոմիտեի պետի տեղակալ Գագիկ Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ Վահե Հակոբյանը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նախկին տնօրեն Մաքսիմ Հակոբյանի որդին է: Նա պատգամավորի մանդատից հրաժարական տվեց եւ 2013թ հուլիսի 10-ին  նշանակվեց Սյունիքի մարզպետ: Այդ պաշտոնից նա ազատվեց 2014թ սեպտեմբերի 4-ին:

Տպել
Ամենաշատ