ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն այսօր՝ նոյեմբերի 22-ին, հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ: Այս մասին գրված է ՀՀ Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ։
«Հանդիպման ընթացքում Դավիթ Տոնոյանը Անջեյ Կասպշիկի խնդրանքով ներկայացրել է Ադրբեջանի ԶՈՒ կողմից խոցված ուղղաթիռի անձնակազմի դիակները անկման վայրից տարհանելու ուղղությամբ ԼՂՀ ՊԲ ստորաբաժանումների կողմից իրականացված հատուկ գործողությունների մանրամասները, ինչպես նաև հայկական կողմի նշված գործողություններն ապացուցող անհերքելի փաստեր»,-ասվում է հաղորդագրությունում:
Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ մարտական խնդրի կատարման արդյունքում դեպքի վայրից տարհանվել են ուղղաթիռի անձնակազմից մեկի դին, երկու օդաչուների մասունքները և ուղղաթիռի որոշ անհրաժեշտ մասեր։
Նշենք, որ խոցված ուղղաթիռի զոհված երեք օդաչուներն են ուղղաթիռի հրամանատար մայոր Սերգեյ Սահակյանը, երկու զինծառայողներ, լեյտենանտ Ազատ Սահակյանը եւ ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը:
Հիշեցնենք, որ ԼՂՀ ՊՆ-ի փոխանցմամբ՝ ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արեւելյան հատվածի օդային տարածքում նոյեմբերի 12-ին, ժամը 13.45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈւ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ «Մի-24» ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ էր: Հակառակորդը շարունակում էր տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ինտենսիվ կրակ վարել դեպքի վայրի ուղղությամբ՝ թույլ չտալով մոտենալ ուղղաթիռի անկման վայրին: