Նոյեմբերի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին:
Նշանակման առիթով շնորհավորելով դեսպանին` Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայ-ֆրանսիական բարեկամության առավել ամրապնդման պատասխանատու առաքելության մեջ նրան հաջողություններ մաղթեց: Իր խոսքում Նորին Սրբությունը մասնավոր անդրադարձ կատարեց երկու ժողովուրդների միջեւ առկա եղբայրական ջերմ հարաբերություններին եւ պետությունների սերտ գործակցությանը` գոհունակություն հայտնելով նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում Ֆրանսիայի իշխանությունների կողմից ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված կարեւոր ջանքերի համար:
Հանդիպմանն անդրադարձ կատարվեց նաեւ հայ-ֆրանսիական համատեղ միջպետական հարաբերությունների արդյունքում ձեւավորված գիտական, տնտեսական, մշակութային փոխգործակցության արդյունավետությանը: Այս առիթով նորանշանակ դեսպանը վստահեցրեց Ամենայն Հայոց Հայրապետին, որ պետք է հետամուտ լինի տարբեր ոլորտներում հայ-ֆրանսիական գործակցության զորացմանը: Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպանը միեւնույն ժամանակ անդրադարձավ հայ ժողովրդի պատմության մեջ ու կյանքում Հայ Եկեղեցու ունեցած վիթխարի դերակատարությանը, ապա շնորհավորեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին օծման եւ գահակալության 15-րդ տարեդարձի առիթով:
Զրույցի ընթացքում խոսվեց նաեւ Ֆրանսիայի հայոց թեմի եւ եկեղեցական կյանքի, տարբեր Եկեղեցիների հետ Հայ Եկեղեցու միջեկեղեցական հարաբերությունների, ինչպես նաեւ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով ծրագրվող միջոցառումների եւ նոյեմբերի 11-13-ը Մայր Աթոռում գումարված Եպիսկոպոսաց ժողովում Հայոց Ցեղասպանության նահատակների սրբադասման վերաբերյալ ընդունված որոշման մասին: