News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանում կանանց նկատմամբ ընտանեկան բռնությունները չեն նվազում դաշտը կարգավորող օրենքի բացակայության պատճառով, իսկ օրենքի ընդունումը ընտանեկան բռնության խնդիրն ավելի տեսանելի կդարձնի։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 25-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Կանանց իրավունքների կենտրոնի նախագահ Սուսաննա Վարդանյանը՝ ավելացնելով, որ 2007-2009թթ. մի շարք միջազգային եւ տեղական փորձագետների մշակած ընտանեկան բռնության մասին օրենքի նախագիծն այդպես էլ հավանություն չստացավ համապատասխան մարմինների կողմից։

«Օրենքի նախագիծը մերժվեց մի պատճառաբանությամբ, որ այնտեղ մի կետ կա, ըստ որի՝ բռնարարը պետք է 10 օրով հեռացվի տնից։ Ոստիկանը ներխուժելուց նման հրաման է բերում հետը, բռնարարի խնդիրն է՝ ինքը ուր է գնում՝ ընկերոջ տուն, հյուրանոց, թե ծնողների տուն։  Ոստիկանության տղամարդ պաշտոնյաներն ասացին՝ ո՞նց կլինի, էդ մարդուն զրկել իր սեփականության իրավունքից»,- ասաց Սուսաննա Վարդանյանը։

Սուսաննա Վարդանյանը նշեց, որ մանկատանը մեծացած 20-ամյա Զարուհի Պետրոսյանի՝ ամուսնու եւ սկեսրոջ կողմից  սպանվելուց հետո Կանանց իրավունքների կենտրոնը 2010թ. ձեւավորեց 7 կազմակերպությունների կոալիցիա, որի հիմնական խնդիրը նաեւ դարձավ կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարը։ Վերջին տարիներին կոալիցիան համատեղ ուժերով նաեւ պայքարում է, որպեսզի ընտանեկան բռնության մասին օրենքը ընդունվի, սակայն դեռեւս պայքարը հաջողությամբ չի պսակվել։

Կանանց իրավունքների կենտրոնի նախագահի խոսքով՝ 2017թ. Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը պետք է սոցիալական աջակցության մասին օրինագիծ մշակի, որում տեղ կգտնեն իրենց կենտրոնի կողմից մշակված ընտանեկան բռնության մասին օրնագծի որոշ դրույթներ։

«Մենք բացարձակապես կողմնակից չենք այդ քայլին  եւ գտնում ենք, որ դա օրենքի մասնատում է, եւ պնդում ենք, որ մեր օրինագիծը պետք է ընդունվի, որովհետեւ օրենքի ընդունումն ընտանեկան բռնության խնդիրն ավելի տեսանելի կդարձնի։ Չեմ ասում, որ օրենքը ընդունվեց, մյուս օրը ընտանեկան բռնությունը շատ-շատ կնվազի կամ կվերանա, բայց ամեն պարագայում ինքը դեր կխաղա, որոշակի նվազեցման տոկոս կլինի»,- նշեց Կանանց իրավունքների կենտրոնի նախագահը։

Կանանց իրավունքների կենտրոնում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ 1998-ից գործում է թեժ գիծը, որով կանայք կարող են զանգահարել եւ ներկայացնել իրենց խնդիրները։

Կենտրոնի տվյալների համաձայն՝ 2014թ. հունվարից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում կանանց կենտրոնի թեժ գիծը գրանցել  է 1437 զանգ, որից 1180-ը ընտանեկան բռնության դեպքեր են եղել։ Ընտանեկան բռնության վերաբերյալ զանգերից  511 եղել են առաջնային, 676-ը ՝ կրկնվող։ Առաջնային զանգերից 395 զանգ եղել է հոգեբանական բռնության վերաբերյալ, 109 զանգ՝ ֆիզիկական բռնության եւ 7-ը՝ սեռական։ Մարզերից եղել է 76 զանգ, որից 56-ը՝ ընտանեկան բռնության վերաբերյալ։

Տպել
Ամենաշատ