News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Կապանում հայտնի փաստաբան, «Հակակոռուպցիոն կենտրոնի» համակարգող Արշավիր Խալափյանը, որը մեղադրվում է ապօրինի կաշառք պահանջելու մեջ, չի ընդունում իր մեղավորությունը: Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Կապանի նստավայրում նոյեմբերի 24-ին` գործով առաջին դատական նիստին, մեղադրյալը հայտարարեց, որ իր դեմ առաջադրված մեղադրանքին համաձայն չէ եւ ցուցմունք տալու ժամանակ կհիմնավորի իր դիրքորոշումը:

Նշենք, որ փաստաբանին ՀՀ Քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածի 3-րդ մասով (փաստաբանի կողմից կաշառք ստանալը կամ պահանջելը) մեղադրանք է առաջադրվել երկու դրվագով: Ըստ առաջինի՝ Արշավիր Խալափյանը, լինելով Սյունիք համայնքի բնակիչներ Հ. Մարգարյանի ու Է. Կարապետյանի փաստաբանը, հաղորդում է ներկայացրել ոստիկանություն այն մասին, որ համայնքի ղեկավար Սամվել Սարգսյանն ապօրինի կերպով գերեզմաններ է հատկացնում համայնքի «Հին գերեզմաններ» կոչվող վայրում: Այնուհետեւ փաստաբանը հանդիպել է համայնքապետի որդուն, նրանից 10 հազար ԱՄՆ դոլար պահանջել՝ հոր դեմ նոր բողոքներ չներկայացնելու, իր վստահորդներին մոլորության մեջ գցելու համար:

Երկրորդ դրվագով փաստաբանը 2014թ. դիմում է ներկայացրել Կապանի քաղաքապետարան`ահազանգելով, որ քաղաքի Ռ. Մինասյան փողոցի 17 շենքի հարակից տարածքում, որտեղ նաեւ իր սեփականությունն է գտնվում, Կապանի քաղաքացի Աշոտ Կույումջյանն ապօրինի շինարարություն է կատարում: Դրանից հետո Խալափյանը հանդիպել է Աշոտ Կույումջյանին ու նրանից 1500 ԱՄՆ դոլար պահանջել՝ դիմումին ընթացք չտալու համար: Աշոտ Կույումջյանը կաշառքը պահանջելու տեսանյութը  տեղադրել էր համացանցում:

Դատական նիստի հենց սկզբում Խալափյանը եւ նրա պաշտպանը բացարկ ներկայացրին դատավորին՝ հիմնավորելով, որ նա կողմնակալ է: Պաշտպանը նշեց, որ դատավորն անհիմն մերժել է իրենց ներկայացրած մի քանի կարևոր բողոքներ: Դատավոր Նապոլեոն Օհանյանը մերժեց միջնորդությունը, որից հետո որոշեց հարցաքննության հրավիրել համայնքապետի որդուն՝ վկա Սարմեն Սարգսյանին:

Վկան պատմեց, որ կաշառք պահանջելու օրը պատահաբար է հանդիպել Խալափյանին «Դարիստ» հյուրանոցի մոտ, Խալափյանն իրեն առաջարկել է բարձրանալ հյուրանոց և խոսել հոր դեմ իր ներկայացրած բողոքի մասին:

«Գրպանից հանեց դեղին, քառակուսի կպչուն թուղթ և վրան գրեց «10.000 ԱՄՆ դոլար»՝ նշելով, որ եթե իրեն այդքան փող տամ, հետ կվերցնի բողոքն ու այնպես կանի, որ մյուս երկու հայցվորները ևս դադարեն անհանգստացնել հորս: Ես հետ տվի իրեն թուղթը, ջղայնացած դուրս եկա սենյակից ու գնացի»,-պատմեց վկան:

«Դարիստ» հյուրանոցի աշխատակիցները նույնպես վկայություն տվեցին, նրանք պատմեցին, որ մի օր Խալափյանը զանգել, ասել է, որ իր համար ինչ-որ բան են թողնելու հյուրանոցում, որն ինքը հետո կվերցնի:  Մատուցողը պատմեց, որ հետո, երբ փաստաբանը գնացել է հյուրանոց, ասել է, որ  իրեն պետք չէ տետրը, որն իր համար էին թողել, հորդորել է վառել կամ դեն նետել այն: Մատուցողն ասաց, որ այրել է տետրը: 

Դատական նիստը  հետաձգվեց, հաջորդ նիստը՝ դեկտեմբերի 11-ին, ցուցմունք կտա Աշոտ Կույումջյանը, որն, ի դեպ, ըստ ՀՀ քննչական կոմիտեի տարածած հայտարարության, ձերբակալված է 751 մլն դրամի հափշտակություն կատարելու կասկածանքով:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ