News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Աբխազական երկաթուղու վերականգնումը կուժեղացնի Եվրասիական տնտեսական միությանն ինտեգրվելու արդյունքը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Ազգային ժողովի նախկին նախագահ Սամվել Նիկոյանը՝ մեկնաբանելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նոյեմբերի 24-ի հայտարարությունը:

Նա նշեց, որ Ռուսաստանի, Վրաստանի եւ Հայաստանի խորհրդարանականներին միավորող միակ ձեւաչափը Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովն է: Ցավոք, ըստ պատգամավորի, այնտեղ նման հարցեր չեն քննարկվում:

«Բայց, ի վերջո, խորհրդարանների կողմից ընդունված ցանկացած հայտարարություն ծառայում է միայն բարի կամքի արտահայտմանը կամ խորհրդատվական բնույթ է կրում: Իսկ գործնական մակարդակում դա որոշվում է միջկառավարական համաձայնագրերով, որոնց հիման վրա հետո խորհրդարանն արտահայտվում է»,- նշեց Նիկոյանը:

Այն, որ Ռուսաստանի եւ Աբխազիայի միջեւ նման մտադրություն կա, նշանակում է, որ երկաթուղին բավական կմոտենա Հայաստանին: «Ի՞նչ տեղի կունենա՝ ապագան ցույց կտա, բայց դա միանշանակ մեզ համար ցանկալի տարբերակ է եւ շատ կարեւոր, քանի որ եվրասիական ինտեգրումից հնարավոր արդյունքները, որոնք մենք կարող ենք ստանալ, շատ հարցերում կապված է նաեւ հաղորդակցությունից»,- հայտարարեց Նիկոյանը:

Հիշեցնենք, որ Աբխազիայի միջոցով դեպի Հայաստանի երկաթուղային հաղորդակցությունը վերականգնելու ցանկության մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Աբխազիայի նախագահ Ռաուլ Հաջիմբայի հետ համատեղ մամուլի ասուլիսում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ