Նոյեմբերի 27-ին Սան Պաուլոյում (Բրազիլիա) կկատարվի ի Տեր հանգուցյալ Գերաշնորհ Տ. Տաթեւ արքեպիսկոպոս Ղարիբյանի վերջին օծման կարգը եւ հուղարկավորության արարողությունը:
Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի կողմից շրջաբերական է առաքվել թեմակալ առաջնորդներին` թեմերի առաջնորդանիստ եկեղեցիներում կատարելու հոգեհանգստյան պաշտոն բարեհիշատակ եւ բազմավաստակ Տաթեւ Սրբազանի հոգու խաղաղության համար:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Սան Պաուլոյում (Բրազիլիա), այսօր՝ նոյեմբերի 26-ին, կյանքի 77-րդ տարում, վախճանվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբաններից Գերաշնորհ Տ. Տաթեւ արքեպիսկոպոս Ղարիբյանը՝ երիկամի փոխպատվաստումից հետո զարգացած երիկամային անբավարարությունից: