Միկրոբլոգների Twitter ծառայությունն առաջիկայում սկսելու է տեղեկություններ հավաքել հավելվածների մասին, որոնք օգտատերերը ներբեռնում են իրենց բջջային սարքերում: Այս մասին տեղեկանում ենք Twitter-ի տեխնիկական աջակցության էջից:
«Twitter-ի անհատականացումն ապահովելու համար մենք հավաքելու եւ ժամանակ առ ժամանակ թարմացնելու ենք ձեր բջջային սարքերի հավելվածների ցանկը, որպեսզի ավելի մանրակրկիտ ընտրենք ձեզ հետաքրքիր կոնտենտը»,- ասված է Twitter-ի հաղորդագրությունում:
Ըստ «Lenta.ru»-ի, ֆունկցիան ավտոմատ է միանալու, սակայն օգտատերը կկարողանա այն անջատել կարգավորման բաժնում: Բացի այդ, եթե Twitter-ի օգտատերն ավելի վաղ արդեն հրաժարվել է iOS կամ Android սարքերում գովազդից, նորարարությունը նրան չի վերաբերվի: