News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

2015 թվականի համար ԼՂՀ համախառն ներքին արդյունքի ծավալը նախանշվում է 212.3 մլրդ դրամի չափով` 9 տոկոս տնտեսական աճի կանխատեսմամբ:

ԼՂՀ կառավարությունից հայտնում են, որ կատարված մակրոտնտեսական կանխատեսումների համատեքստում` 2015թ.համախմբված բյուջեն եկամուտների գծով կկազմի մոտ 83մլրդ 246 մլն, ծախսերի գծով` 88 մլրդ 127 մլն դրամ, իսկ դեֆիցիտը կկազմի 4 մլրդ 881 մլն դրամ` համախառն ներքին արդյունքի 2.3 տոկոսի չափով:

Պետական բյուջեի սեփական մուտքերը ծրագրվել են 36.8 մլրդ դրամի չափով, այսինքն` աճը 2014 թվականի համար պլանավորված եկամուտների նկատմամբ կկազմի 9.9 տոկոս (ավելացում` 3.3 մլրդ դրամ):

Հայաստանի Հանրապետության կողմից ԼՂՀ-ին հատկացվող միջպետական վարկը 2015թ. կկազմի մոտ 45,518.7 մլն դրամ, որը նախորդ տարվա համեմատ ավելի է 1,828.6 մլն դրամով (4.2 տոկոսով):

ԼՂՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի գնահատմամբ` 2015թ. բյուջեի նախագիծը հստակ սոցիալական ուղղվածություն ունի. միայն սոցիալական ոլորտի ծախսերը նախատեսված են ավելի քան 22մլրդ դրամ` ընթացիկ տարվա 19 մլրդ 700 մլն դրամի փոխարեն: Կառավարությունը շարունակելու է որդեգրած աշխատավարձային քաղաքականությունը. գալիք տարվա հուլիսի 1-ից հանրապետությունում նվազագույն ամսական աշխատավարձը ավելանալու է 10 տոկոսով` 50 հազարի փոխարեն կազմելով 55 հազար դրամ:

Գյուղատնտեսության ոլորտին կհատկացվի մոտ 3 մլրդ 600 մլն դրամ, որը կազմում է պետական բյուջեի ծախսերի 4.1 տոկոսը: Նախատեսվում է կատարել 9.0 մլրդ դրամի կապիտալ ներդրումներ: Կապիտալ շինարարության ծախսերրը կրճատվել են, սակայն, կառավարության ղեկավարի խոսքով` ֆինանսական այլ աղբյուրներից բնակարանաշինության ոլորտում ծրագրեր կիրականացվեն` գալիք տարվանից հանրապետությունում առանձին խմբերի քաղաքացիների համար հիպոթեքային նոր ծրագրերի մեկնարկն ապահովելու համար:

2015թ. բյուջեով գումարներ են նախատեսվում նաև նոր ծրագրերի համար. այսպես`  կանոնավոր ուղևորափոխադրումներում տոմսերի գործող և փաստացի արժեքի տարբերության հատուցման համար կհատկացվի 10 մլն դրամ, իսկ 2015 թվականի մարդահամարի կազմակերպման համար` 250 մլն դրամ:

Վարչապետի խոսքով, երկրի գալիք տարվա գլխավոր ֆինանսական փաստաթղթով ակնկալվող 9 տոկոս տնտեսական աճը հնարավորություն է տալու 2014թ-ի համեմատ բյուջեի եկամուտները ավելացնել 6.5, ծախսերը` 7.9 տոկոսով:

Առողջապահական համակարգի ծախսերը նախատեսվել են 5 մլրդ 750 մլն դրամի չափով, որը գերազանցում է 2014 թվականի ցուցանիշը 13.8 տոկոսով: Ավելացել են նաև կրթության և գիտության, մշակույթի ոլորտներին հատկացվելիք գումարները:

Գործադիր իշխանության ղեկավարը նշել է, որ ըստ առանձին ոլորտների հատկացումները   միտված են երկրում կրթության, գիտության, մշակույթի և սպորտի շարունակական զարգացմանը:

Բյուջեի քննարկումից հետո գործադիր մարմնի հավանությանն են արժանացել առողջապահական պետական նպատակային տարեկան ծրագիրը, հաշմանդամների սոցիալական պաշտպանության, զբաղվածության կարգավորման, ֆիզիկական կուլտուրայի  և սպորտի զարգացման  2015 թ. ծրագրերն ու դրանց շրջանակներում նախատեսված միջոցառումները:

Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության 2015թ. ծրագիրը նպատակաուղղված է  երկրի տնտեսական աճի կայունության ապահովմանը՝ տնտեսությանը հաղորդելով նորարարական ուղղվածություն և ճկունություն: Ներկայացված ծրագրով ակնկալվում է ՀՆԱ-ում փոքր  և միջին ձեռնարկատիրության մասնաբաժնի ավելացում և նոր աշխատատեղերի ստեղծում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ