News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Վանո Սիրադեղյանի անունը տալով՝ ցանկանում են իրենց արժեւորել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վանո Սիրադեղյանի կինը՝ Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանը:

Նա նշեց, որ ֆինանսական բուրգի գործում իր ամուսնու անունը շահարկելը հերյուրանք է: «Չեմ ցանկանում անդրադառնալ հիմարություններին»,-ասաց Ռուզան Տոնոյանը՝ հավելելով, որ Վանո Սիրադեղյանի անունը տալով՝ ուզում են իրենց արժեւորել:

Ռուզան Տոնոյանը նշեց, որ բացարձակապես չի ճանաչում իր ամուսնու անունը տված, գործով տուժող Արտակ Գալստյանին: Նա վստահեցրեց, որ նման ազգական, բարեկամ, մտերիմ, ծանոթ իրենք չունեն:

Նշենք, որ Վանո Սիրադեղյանը 1999 թվականից գտնվում է միջազգային հետախուզման մեջ: Նրա դեմ քրեական գործ էր հարուցվել երկու անձանց սպանության կազմակերպման մեղադրանքով: 1999 հոկտեմբերի 27-ին ԱԺ-ում տեղի ունեցած սպանդից հետո նա հեռացավ Հայաստանից եւ նրա նկատմամբ հետախուզում հայտարարվեց:

Հիշեցնենք, որ  ամբաստանյալ Արթուր Անդրեասյանը, որը մեղադրվում է խարդախության, քաղաքացիների՝ առանձնապես խոշոր չափի գումարները (ընդհանուր՝ մոտ մեկ միլիոն դոլար) հափշտակելու մեջ, պնդում է, որ «Ֆինանսական բուրգի» գործով մեղավոր է Արտակ Գալստյանը, որը ոչ թե տուժող է, այլ հենց ինքն է խարդախությունների հեղինակը։ Ըստ Արթուր Անդրեասյանի՝  Արտակ Գալստյանը միշտ ասել է, որ իր մեջքին Վանո Սիրադեղյանն է կանգնած, անգամ նրա հետ սկայպով կապի մեջ է եղել, ու հենց Սիրադեղյանով վախեցնելով էլ իրեն ստիպել է փաստաթղթեր ստորագրել։ 

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արթուր Անդրեասյանին մեղադրանք է առաջադրվել նրա համար, որ նա բուքմեյքերական գործունեությամբ եւ արտարժույթի առուվաճառքով զբաղվելիս հայտնվելով անվճարունակ վիճակում, 2010թ. հունիսին որոշել է ՀՀ ոստիկանությունում ղեկավար պաշտոններ զբաղեցնող գնդապետ Կարեն Բաբակեխյանի, գեներալ-մայոր Ներսես Նազարյանի, վերջինիս որդու՝ Երեւան քաղաքում գործող «Մոսկվիչկա» խանութների ցանցի սեփականատեր Արմեն Նազարյանի, ինչպես նաեւ նրանց ընտանիքների անդամների հետ ունեցած մտերմության ու դրանով պայմանավորված իր անձի նկատմամբ շրջապատում ձեւավորված վստահության շահարկմամբ խաբեության եւ վստահությունը չարաշահելու եղանակով ձեռնարկատիրական գործունեության մեջ ներդնելու եւ դրա դիմաց շահույթներ ստանալու պատրվակով հափշտակել տարբեր քաղաքացիների առանձնապես խոշոր չափերով գումարները եւ ձեռք բերել իրավունք նրանց անշարժ գույքի նկատմամբ:

Տպել
Ամենաշատ