Վարչապետ Հովիկ Աբրահամյանի մոտ բենզին եւ դիզավառելիք խոշոր ներկրողների հետ քննարկում է եղել եւ որոշում է կայացվել դրանց գինը իջեցնել: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները:
Փորձեցինք տեղեկությունները ճշտել շուկայի խոշոր ընկերություններից մեկի՝ «Ֆլեշի» սեփականատեր Բարսեղ Բեգլարյանից: Նա NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ լուրջ քննարկումներ են եղել վարչապետի հետ, նախագահ Սերժ Սարգսյանն էլ հանձնարարական է իջեցվել: «Մենք հասկացանք, որ քանի որ դրամը կայունացել է, այդ ֆոնի վրա հաշվի առնելով նաեւ ստեղծված իրավիճակը՝ որոշում կայացրինք իջեցնել բենզինի գները: Հույս ունենք, որ հաջորդը կգա ավելի հարմար գներով եւ կկարողանանք տեղավորվել մեր պաշարների հաշվին: Պետք է փորձել ստեղծված իրավիճակում ժողովրդին ընդառաջ գնալ, քանի որ տեղի-անտեղի գները բարձրացրել են: Ամեն մի տեսակը 10-ական դրամով իջնելու է՝ եւ սովորական բենզինը, եւ պրեմիում տեսակը, եւ դիզվառելիքը: Հույս ունենք, որ առնվազն մինչեւ տարեվերջ կմնա այդ գինը, հաստատ չի բարձրանա»,-ասաց Բարսեղ Բեգլարյանը:
Նա նշեց, որ հետագայի մասով չի կարող որեւէ բան ասել, քանի որ շատ արագ են տեղի ունենում փոփոխությունները, հաջորդ խմբաքանակը ստանալու են տարեվերջին եւ Ամանորին, իսկ վերջինիս գինը պայմանավորված է մի շարք գործոններից: