News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Արդարադատության նախարարը պայմանական վաղաժամկետ ազատման որոշումներ չի կայացնում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը՝ ի պատասխան NEWS.am-ի հարցի, թե ինչու է Յուրի Վարդանյանի որդին՝ թմրանյութերի ապօրինի շրջանառության համար 4 տարի 6 ամիս դատապարտված Դավիթ Վարդանյանը ընդամենը 1 տարի 2 ամիս նստելուց հետո ազատ արձակվել։

Նախարարն ասաց, որ պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտը որոշակի մեխանիզմներ ունի, կա հանձնաժողով, որը որոշում է կայացնում։  Հովհաննես Մանուկյանը ընդունում է, որ պայմանական վաղաժամկետ ազատ արձակման ինստիտուտից դժգոհություններ կան թե դատապարտյալների, թե ՔԿՀ աշխատակիցների, ղեկավարության մոտ։  Նախարարի խոսքով՝ այդ ինստիտուտի կարեւորագույն գործիքներից մեկը կալանավորի պահելաձեւն է, երբ մարդը հույս է ունենում, որ լավ, նորմալ պահելաձեւի դեպքում կարող է ազատ արձակվել եւ հետեւաբար լավ պահելաձեւի մոտիվացիան ավելի շտտ է։ «Այն մարդը, որը չունի մոտիվացիա ավելի լավ պահելու, բարդ իրավիճակ է ստեղծվում»,-ասաց Արդարադատության նախարարը՝  հավելելով, որ պայմանական վաղաժամկետ ազատ արձակման մոդելը կատարելագործման կարիք ունի, այժմ շրջանառության մեջ է համապատասխան նախագիծ, որը հնարավորություն կտա  չափորոշիչները, ընթացակարգերը դարձնել առավել օբյեկտիվ։

Հարցին, թե ինչի շնորհիվ է ազատ արձակվել Յուրի Վարդանյանի որդին, նախարարը պատասխանեց, որ ինքը այդ հարցի հասցեատեր չէ։ «Արդարադատության նախարարը պայմանական վաղաժամկետ ազատման որոշում չի կայացնում»,-ասաց նախարարը՝ հորդորելով այդ հարցով դիմել համապատասխան մարմինների։

Հիշեցնենք, որ Վրաստանում Հայաստանի դեսպան, աշխարհահռչակ ծանրամարտիկ Յուրի Վարդանյանի որդին՝ 4 տարի 6 ամիս ազատազրկման դատապարտված Դավիթ Վարդանյանին պայմանական վաղաժամկետ ազատ են արձակել:

Նշենք, որ Դավիթ Վարդանյանը սեպտեմբերի 4-ին ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 2-րդ մասով դատապարտվել է ազատազրկման` 4 տարի ժամկետով, գույքի բռնագրավմամբ, եւ 268-րդ հոդվածի 3-րդ մասով` 2 տարի 6 ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66 հոդվածի 4-րդ մասի համաձայն` հանցանքների համակցությամբ նշանակված պատիժների մասնակիորեն գումարելու միջոցով վերջնական պատիժ նշանակվել է 4 տարի 6 ամիս ազատազրկումը` հաշվի առնելով նաեւ անազատության մեջ գտնվելու ժամանակահատվածը։

Հիշեցնենք, որ 30-ամյա Դավիթ Վարդանյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ 2013թ. հոկտեմբերին Իրանում առանց իրացնելու նպատակի ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերի`ընդհանուր 106 գրամ կշռով հաշիշ տեսակի թմրամիջոց, որից 7.0 գրամ կշռով թմրամիջոցը փաթաթել է ռետինե մատնոցների մեջ ու կուլ տվել, մնացածը պահել ձեռքի պայուսակում և մաքսանենգ ճանապարհով ՀՀ պետական սահմանի Մեղրիի անցակետով թմրամիջոցն ապօրինի տեղափոխել է Հայաստան:

Տպել
Ամենաշատ