Հունվարի 6-ի գիշերը եւ հունվարի 7-ին ադրբեջանական կողմը գնդածոկել է Հայաստանի Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերը: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Հայաստանի Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Նրա փոխանցմամբ, կրակոցները շատ ակտիվ չեն եղել, իսկ հայկական կողմը պատասխանել է հակառակորդի թիրախային կրակոցներին: Բարեբախտաբար, զոհեր չկան: Վնասվել են մի քանի տներ եւ Բարեկամավան գյուղի եկեղեցին:
Ավելի վաղ NEWS.am-ը ներկայացրել էր Արցախի Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալները, որոնց համաձայն՝ հունվարի 6-ին եւ լույս 7-ի գիշերը հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմը խախտվել է ավելի քան 400 անգամ: Այդ ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաեւ 60 մմ ականանետերից (6 արկ) եւ ՌՊԳ-7 (11 արկ) տիպի նռնականետերից հայ դիրքապահների ուղղությամբ շուրջ 6000 կրակոց է արձակվել:
Արցախի Հանրապետության ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդի դրսեւորած ակտիվությունը կասեցվել է: