News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովում Ադրբեջանի պետական հանձնաժողովին խորհուրդ են տվել անհիմն հայտարարություններից եւ ենթադրություններից անցնել գործի:

«Մերկախոս ենթադրությունների փոխարեն ավելի լավ է՝ մտածեն» շփումներ հաստատելու եւ Հայաստանի հանձնաժողովի հետ համագործակցության ճանապարհով անհայտ կորածների  ճակատագրերի բացահայտման փորձերի համար հիմքեր ստեղծելու մասին», - հայտարարել է Գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Կապրիելյանը՝ NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով ադրբեջանական կողմի ներկայացուցչի հերթական հայտարարությունը:

ԱՊԱ-ի փոխանցմամբ՝Ադրբեջանի Գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովի նիստի ընթացքում հանձնաժողովի քարտուղար Ֆիրուդին Սադիգովը հայտարարել է, որ «հաստատվել են փաստեր, որոնք թույլ են տալիս ենթադրել, որ Պետական հանձնաժողովում անհայտ կորած համարվող 31 մարդ ողջ են մնացել Հայաստանի ԶՈւ-ի կողմից օկուպացված տարածքներում եւ գերի կամ պատանդ են վերցվել»:

Կապրիելյանը ընդգծել է, որ ադրբեջանական կողմը ոչ մի հարցի շուրջ չի ցանկանում համագործակցել: «Դրա փոխարեն պատասխանատու ղեկավար պաշտոն զբաղեցնող պետպաշտոնյան բացառապես ենթադրությունների վրա հիմնված կարեւոր հումանիտար խնդրի շուրջ անհիմն հայտարարություններ է տարածում: Անգամ տարբեր տարիներին ադրբեջանական պաշտոնատար անձանց հայտարարություններին մակերեսորեն ծանոթանալու դեպքում կարելի է նկատել, որ ադրբեջանական կողմը մտացածին թվեր է հրապարակում. մեկ նրանք ունեն 5 հազար գերի, այդ թվում՝ 9 ամսական երեխա եւ 90-ամյա ծերունի, մեկ էլ թիվը երկու անգամ կրճատվում է, այնուհետեւ կրկին  անհասկանալի կերպով ավելանում: Ընդ որում, միեւնույն թվերը ներկայացվում են կամ որպես անհայտ կորածների կամ էլ գերիների մասին տվյալներ: Այլ հարց է, երբ դա ասում է թեմայի շուրջ սիրողական մակարդակի պատկերացումներ ունեցող մեկը եւ միանգամայն այլ՝ թեմային տիրապետող իրավապաշտանը: Սակայն նման մոտեցումը անթույլատրելի է պաշտոնատար անձի համար», նշել է Արմեն Կապրիելյանը:

Նա հիշեցրել է, որ միեւնույն ժամանակ, հայկական կողմը բազմաթիվ անգամներ հայտարարել է անհայտ կորածների որոնումների վերաբերյալ կարեւոր հարցի շուրջ համագործակցություն սկսելու անհրաժեշտության մասին:

«Ինչ վերաբերում է կոնկրետ Ֆիրուդին Սադիգովի կողմից հնչեցված ենթադրություններին, ապա հայտարարում եմ, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը: Հայաստանում ադրբեջանցի գերիներ չկան», - եզրափակել է Աշխատանքային խմբի ղեկավարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ