News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Նախագահական նստավայրի մոտ հունվարի 20-ից երկրորդ անգամ գերդաստանով անժամկետ հացադուլ սկսած Առուշանյանների հարազատներից չորսն առողջական խնդիրների պատճառով դադարեցրել են հացադուլը: «Մանանա Գրեյն» ընկերության փոխտնօրենի մեքենայից 56 մլն դրամի գողությանն աջակցելու համար 5.6 տարվա ազատազրկման դատապարտված, HSBC բանկի նախկին աշխատակից Աշոտ Առուշանյանին արդարացնելու պահանջով հացադուլավորների թիվն այժմ 8-ն է:

«Երեկ չէ առաջին օրը Աշոտ Առուշանյանի մորաքրոջը «Շտապօգնության» մեքենայով տարել են «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց, որտեղ նրանից գումար էին պահանջել օգնություն ցույց տալու համար, մենք զանգել էինք Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին, նրանց միջամտելուց հետո նոր անվճար սպասարկել էին հիվանդանոցում: Դրա հաջորդ օրը միայն՝ երեկ, «Շտապօգնության» ավտոմեքենան երկու անգամ եկել է, օգնություն է ցույց տվել: Աշոտի հորեղբորը, հորաքրոջը եւ եղբորը ներարկումներ են արել, ճնշումները բարձրացել էին: Դրա համար մենք թույլ չտվեցինք, որ շարունակեն հացադուլը, այսօր առավոտյան ավտոմեքենայով ուղարկեցինք տուն»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Աշոտ Առուշանյանի հայրը՝ Լավրենտ Առուշանյանը՝ նշելով, որ ինքը նույնպես առողջական խնդիրներ ունի, բայց «մարտական է տրամադրված», մնալու է այնքան, մինչեւ նախագահը ընդունի իրենց:

Այժմ նախագահականի մոտ են Աշոտ Առուշանյանի հայրը, մայրը, հորաքույրը, հորեղբայրը, հորեղբոր կինը եւ եղբայրները: Թեեւ նրանք էլ առողջական խնդիրներ ունեն, բայց չեն պատրաստվում դադարեցնել հացադուլը:

«Շարունակելու ենք հացադուլը: Տեսնենք, թե ինչքան կդիմանան օրգանիզմներս: Ճիշտ է՝  գիտակցաբար բոլորն էլ ցանկանում են շարունակել հացադուլը, բայց առողջական վիճակը թույլ չի տալիս: Նրանք հետո մեզ կմիանան որպես նստացույցի մասնակիցներ»,- NEWS.am-ին ասաց Աշոտ Առուշանյանի մայրը՝ Անահիտ Առուշանյանը:

Հիշեցնենք, որ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանն Աշոտ Առուշանյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 38-177-րդ հոդվածի 3-րդ մասով՝ դատապարտելով նրան 5 տարի 6 ամիս, Էդգար Կարաքեշիշյանին՝ 7 տարի 6 ամիս ազատազրկման։ Ըստ մեղադրական եզրակացության՝ Աշոտ Առուշանյանն օժանդակել էր խմբով առանձնապես խոշոր չափերի գողություն կատարելու դիտավորություն ունեցող իր ընկերներ Էդգար Կարաքեշիշյանին եւ ծանոթ Արտաշես Գալստյանին` նրանց տրամադրելով տեղեկատվություն առանձնապես խոշոր չափերի գումարի վերաբերյալ: Կասկածյալ Արտաշես Գալուստյանն նախաքննության ընթացքում ցուցմունք էր տվել, թե 2011թ. հունիսի սկզբին Օպերայի տարածքում գտնվող սրճարաններից մեկում ինքը, Էդգար Կարաքեշիշյանը եւ Աշոտ Առուշանյանը հանդիպել են, վերջինը Կարաքեշիշյանին է փոխանցել HSBC բանկի համակարգչային բազայից հանված մի թուղթ, որի վրա նշված է եղել տուժողի՝ «Մանանա Գրեյն» ՍՊԸ-ի տնօրենի կողմից տեղափոխված գումարի մասին եւ այլ տեղեկատվություն: Արտաշես Գալուստյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը դրանից հետո փոխվել էր, նա ազատ էր արձակվել եւ հաշված օրեր անց նրան հոր հետ գտել էին կախված վիճակում:

Առուշանյանը մեղավոր էր ճանաչվել ու դատապարտվել 5 ու կես տարվա ազատազրկման։ Վերաքննիչ դատարանը եւս անփոփոխ էր թողել առաջին ատյանի դատարանի վճիռը: Աշոտ Առուշանյանը մինչեւ օրս պնդում է, որ մեղավոր չէ: Գործը վճռաբեկ դատարանում է:

Տպել
Ամենաշատ