News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ հունվարի 27-ին, ցուցմունք տվեցին «Վերնիսաժի» գործով երկու առանցքային վկաներ, որոնք երկուսն էլ պնդեցին, որ գործով ամբաստանյալ, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Կարո Կարապետյանի (Յուվեցի Կարո) փեսա Գոռ Առաքելյանը վիճաբանության ժամանակ իրեն հասցված հարվածներին չի պատասխանել եւ փորձել է հեռանալ՝ պատճառաբանելով, որ կինն ու երեխան մեքենայի մեջ են։

Վկա Սեդրակ Գյուլումյանը, որը «Վերնիսաժի» առեւտրականներից է, ասաց, որ ականատես է եղել 40-45 մետր հեռավորությունից, սակայն վիճաբանության մասնակիցներին չի տեսել։

«Տեսա՝ գետնանցումի մոտ ամբոխ էր հավաքվել, կրակոցներ սկսեցին, ժողովուրդը իրար խառնվեց, բոլորը փախնում, պախկվում էին, բայց թե ով ա, ինչ ա, ոչ մեկին չեմ տեսել։ Ասեցին, կորի գնա, քեզ կկպնի»,- պատմեց վկան։

Վկա Վարդան Զոհրաբյանը, որը «Վերնիսաժի» մերձակայքում գտնվող էլիտար շենքում որպես անվտանգության աշխատակից է աշխատում, նշեց, որ ինքը եւ իր գործընկերն ականատես են եղել դեպքին նախորդած վիճաբանությանը, փորձել են հանգստացնել վիճաբանողներին, սակայն դա նրանց չի հաջողվել։

«Սպիտակ X6 էր կանգնած պարկինգի դիմաց։ Տեսանք, որ վեճ սկսվեց մեքենան կանգնացնողի եւ շենքից դուրս եկողի՝ Գոռի, միջեւ։ Փորձեցինք բաժանել, չկարողացանք, թեժ վեճ էր, գոռգոռում էին, քաշքշում էին իրար։ Գոռ Առաքելյանը նստում էր մեքենա, էդ 2-ը իջեցնում էին, Գոռն ասում էր՝ կնոջս, երեխուս տանեմ վերեւ, իջնեմ, խոսանք, նստեց մեքենան, իջավ, կրակոցներ եղան, զենքը Գոռի ձեռքին էր, կրակեց՝ մի չորս հատ դրսում, երկու հատ շենքի ներսը։ Գոռը կրակեց, մեկը փախավ «Վերնիսաժի» կողմ, Գոռը մտավ շենք, էն մյուսը հետեւից մտավ շենք։ Գոռը գոռաց՝ չմտնես, կկրակեմ, ու ինքը մտավ, դա էլ հետեւից, հետո 2 կրակոցի ձայն եկավ»,- պատմեց վկան՝ կարծիք հայտնելով, որ Գոռը հավանաբար կրակել է՝ վախենալով, որ իրեն կծեծեն, քանի որ «ջանով տղերք էին»։

Վկա Արամայիս Մանուկյանը դատարանում ըստ էության ոչինչ չասաց։

«Մենք էնտեղ կանգնած առեւտուր էինք անում, հետո ղալմաղալ լսեցինք, էդ ղալմաղալն եմ տեսել, մեկ էլ կրակոցներ եմ լսել, հետո բան չեմ տեսել»,- ասաց վկան։

Վկա Էդվարդ Սեդրակյանը, որը 2,5 տարի պահակ է աշխատում այն շենքում, որտեղ բնակվում է Գոռ Առաքելյանը եւ ճանաչում է նրան, պատմեց, որ դեպքի օրը շենքի ստորգետնյա կանգառի մուտքի մոտ սպիտակ մեքենա է տեսել, եւ մոտ 30 րոպե փնտրել մուտքը փակած մեքենայի վարորդին։ 

«Գոռը հարցրեց՝ էս ո՞վ ա, ձյաձ, ավտոն ստեղ կանգնացրել։ Ասեցի՝ չգիտեմ, ու մի 20 րոպե հետո ախրանիկների հետ որոշեցինք ման գալ մեքենայի վարորդին։ Լիֆտի 19-րդ հարկում երկու պլոտնի տղու տեսանք, պարզվեց՝ իրանցն ա ավտոն, իջանք, ուզում էի գնայի 2-րդ պարկինգ, ձայներ լսեցի՝ արան ո՞վ ա, արա։ Տեսա, որ Գոռի հետ վիճում են, դրանցից մեկը խփեց Գոռին, Գոռը բան չարեց, նստեց մեքենան։ Ներսեսը Գոռին ասեց՝ հեռախոսիդ համարը տուր, Գոռն ասեց՝ բացեք, գնամ, մեջը երեխա կա։ Ներսեսն ու Վալերիկը մեքենայի բաց պատուհանից սկսեցին խփել Գոռին, բայց ինքը պատասխան հարվածներ չէր տալիս։ Վալերիկին հետ քաշեցի, բայց նորից խփեց, հետո Գոռն իմ տեսադաշտում չէր, չնկատեցի՝ ինչպես իջավ մեքենայից, հետո պարկինգում էի, կրակոցներ լսեցի, դուրս եկա, արդեն վիրավորներ կային»,- պատմեց վկան։

Նշենք, որ Էդվարդ Սեդրակյանի ցուցմունքի ժամանակ միջադեպ տեղի ունեցավ. Վալերիկ Հովհաննիսյանի մայրը տեղից բղավեց. «Սուտ ա ասում, այ ծախվածի մեկը, գոնե տարիքիցդ ամաչի»։ Դատարանը կնոջը դահլիճից հեռացրեց։

Մեղադրողը միջնորդեց վկաներ Նորիկ Սարգսյանին, Սեյրան Օհանյանին եւ Գրիգոր Ավետիսյանին բերման ենթարկել հաջորդ դատական նիստին, քանի որ վերջինները հրաժարվում են մասնակցել նիստերին։ Միջնորդությունը բավարարվեց։

Դատական նիստը հետաձգվեց։ Հաջորդ նիստը կկայանա փետրվարի 11-ին։

Հիշեցնենք, որ 2014թ. մայիսի 17-ին՝ ժամը 13:30-ի սահմանում կրակոցներ էին հնչել «Վերնիսաժի» տարածքում։ Ըստ մեղադրական եզրակացության՝ Գոռ Առաքելյանը (ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի փեսան) Վարդանանց փողոցի թիվ 18/2 շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիի մուտքի դարպասների մոտ վեճի բռնվելով Վալերիկ Հովհաննիսյանի եւ Ներսես Մելքոնյանի հետ, փորձել է ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկել նրանց, ինչպես նաեւ անկանոն կրակ է բացել՝ ծանր մարմնական վնասվածքներ հասցնելով պատահական անցորդների։ Գոռ Առաքելյանը մայիսի 18-ին ինքնակամ ներկայացել էր ոստիկանություն: Նրա դեմ մեղադրանք է առաջադրվել սպանության փորձ կատարելու, ինչպես նաեւ երկու եւ ավելի անձանց առողջությանը ծանր, մեկ անձի՝ միջին ծանրության վնաս պատճառելու համար, իսկ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Ավելի ուշ կալանավորվել են նաեւ Ներսես Մելքոնյանը եւ Վալերիկ Հովհաննիսյանը՝ խուլիգանության մեղադրանքով։

Գոռ Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի, 1-ին, 6-րդ եւ 10-րդ կետերով, 112-րդ հոդվածի 2-րդ մասի, 1-ին, 5-րդ, 9-րդ կետերով, 113-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, 235-րդ հոդվածի 1-ին մասով: Վալերիկ Հովհաննիսյանին եւ Ներսես Մելքոնյանին մեղադրանք է առաջադրվել  Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Երեքի դեպքում էլ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ