News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Արցախյան պատերազմի հերոս Վարդան Ստեփանյանի՝  «Դուշման Վարդանի» երազանքը կանոնավոր հայկական բանակ ունենալն էր: Վարդանի քույրը՝ Արմինեն, հուզմունքով NEWS.am-ին պատմեց, որ Վարդանն իր երազանքն իրականացած այդպես էլ չտեսավ :

«Վարդանի երազանք էր ունենալ կանոնավոր հայկական բանակ: Այսօր մայրս եկավ, մոտեցավ տղայի գերեզմանին, ասեց՝ տղա ջան, երազանքդ 23 տարեկան է»,- պատմեց Արմինեն:

Արմինեն պատմում է, որ Վարդանը հայրենասիրության մասին ամպագոռգոռ բառեր չէր սիրում ասել, փոխարենը փորձում էր գործով իր սերը ցույց տալ հայրենիքի հանդեպ:

«Վարդանը երբեք հայրենասիրության մասին վեհ, ճռճռան բառեր չէր օգտագործում: Վարդանը մի սկզբունք ուներ՝ պետք է ամեն մարդ իր գործով զբաղվի, պետք է ամեն մարդ անի այն, ինչ կարող է անել այս երկրի, հարենիքի համար: Ինքը հասկանում էր, որ հայրենիքն այն հողն է, որ լքել չի կարելի»,-ասաց Արմինեն:

Նրա խոսքով՝ Վարդանը հեռատես էր եւ կարողանում էր կանխատեսել ապագան ու հասկանում էր, որ հայ ազգի գոյության միակ ձեւը պայքարն է:

 «Վարդանն ասում էր՝ քանի թուրքը գոյություն ունի, հայը լավ ռազմիկ պիտի դառնա: Այսինքն՝ փառք Աստծո, ունենք թշնամիներ, որ մեզ թափ են տալիս: Վարդանն ասում էր՝ հայը պետք է լինի էքստրեմալ ծանր պայմաններում, օրվա խնդիրը լինի գոյատեւելը, որ աչալուրջ լինի: Որովհետեւ տեսեք՝ ինչ տարածաշրջանում ենք ապրում. չորս բոլորը թշնամիներ: Իսկ յուրաքանչյուր հայ պետք է մտածի իր երեխայի մասին, մտածի՝ ինչպես անի, որ զորանա այս երկիրը եւ հայը ապրի իր հայրենիքում»,- պատմեց Արմինեն:

Դուշման Վարդանի մարտական ընկերը՝ Վարդան Մնացականյանը, պատմեց, որ Վարդանը այն անձնավորությունն էր, որ զինվորին թեժ կռվից հանում էր եւ ուղարկում սովորելու, ասելով, որ իրեն կիրթ սպաներ են պետք:

Նա պատմեց, որ Վարդանը երբեք երեխաների, կանանց վրա զենքը ուղղել. «Ասում էր՝ այն մարդը, որ իմ վրա զենք չի բարձրացնում, նա իմ դեմ զինվոր չի, ես սովոր եմ զինվորին խփելու»։

Դուշման Վարդանը 1988-ից մասնակցել է Ղարաբաղյան շարժմանը, ընկերոջ՝ Արմեն Երիցյանի հետ ստեղծել է ռազմական «Ասպետ» դպրոցը, որտեղ պատրաստվում էին Արցախ մեկնող ֆիդայիները, մասնակցել է բազմաթիվ մարտերի, այդ թվում՝ Իջեւանի և Նոյեմբերյանի շրջաններում։ «Դուշման» մականունը նրան տվել էր հակառակորդը, որին նա սարսափ էր ներշնչում։ Վարդանը զոհվել է 1992թ. հուլիսի 3-ին, երբ իր մարտընկեր Երոյի (Արմեն Երիցյան) և Արայիկի (Արա Ավագյան) հետ մարտական առաջադրանք էր կատարում ԼՂՀ Մարտունու շրջանում։

Տպել
Ամենաշատ