News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը


Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ստորին պալատը, Փերինչեքի հայցը բավարարելով, մի քանի կարեւոր սխալ է թույլ տվել։ Այս մասին այսօր՝ հունվարի 28-ին, Ստրասբուրգում՝ ՄԻԵԴ գերագույն պալատում հայտարարեց «Դողու Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով Հայաստանի շահերը ներկայացնող, հայտնի իրավապաշտպան Ամալ Ռամզի Քլունին։

Փաստաբանի խոսքով՝ ամենակարեւոր սխալն այն է, որ ստորին պալատն իր որոշմամբ կասկածի տակ է դրել Հայոց ցեղասպանության իրողությունը։

«Դատարանը, թեեւ ինքն էլ ընդունել է, որ այս գործի շրջանակում բոլորովին չի պահանջվում որոշել՝ արդյոք 1915թ. կատարվածը ցեղասպանություն էր, թե ոչ, այնուամենայնիվ, այդ որոշումը կայացրել է առանց որեւէ փորձաքննության, փաստերի, առկա փաստաթղթերի ուսումնասիրության եւ վկաների հարցաքննության, նույնիսկ, առանց հայկական կողմի ներգրավվման։ Դրա փոխարեն դատարանն ուղղակի որոշել է, որ ցեղասպանությունը չի ապացուցվել կամ, նույնիսկ, որ այն ապացուցելի չէ»,- ասաց Ամալ Քլունին։

Իրավապաշտպանի խոսքով՝ ՄԻԵԴ-ն այն դատարանը չէ, Փերինչեքի գործն էլ այն գործը չէ, որի շրջանակում պետք է որոշվի պետության պատասխանատվությունը ցեղասպանության հանցանքի մեջ։ Սակայն, եթե նույնիսկ դա ՄԻԵԴ-ի իրավասությունների մեջ լիներ, ապա, Քլունիի խոսքով, առկա վկայություններն ու ապացույցները բավարար պետք է լինեին այսօր այդ իրադարձությունները ցեղասպանություն անվանելու համար։

«Ստորին պալատի որոշումը ցեղասպանության վերաբերյալ պարզապես սխալ է։ Հայերի նկատմամբ վայրագությունների վերաբերյալ վկայությունները բացահայտորեն ցույց են տալիս դրանց կազմակերպիչների ցեղասպան մտադրությունները»,- ասաց  Քլունին։

Փաստաբանը հիշեցրեց փաստաթղթերի, լուսանկարների, պատմաբանների եւ ականատեսների վկայությունների, ինչպես նաեւ «Նյու Յորք Թայմսի» մի շարք հոդվածների ու մասնավորապես դրանցից մեկի մասին, որում խոսվում էր Թալեաթ փաշայի՝ «Թուրքիան առանց քրիստոնյաների» որոշման մասին։

«Այսօր էլ պետական արխիվներում առկա են բազմաթիվ դեսպանների հաղորդումներն իրենց պետություններին։ Նույնիսկ Օսմանյան Թուրքիայի դաշնակից Գերմանիայի դեսպանն ասել է, որ թուրք առաջնորդներն ընդունել են, որ իրենց գործողությունների իրական շարժառիթը հայերի ամբողջական բնաջնջումն է»,- ասաց Քլունին։

Փաստաբանը հիշեցրեց, որ 1915թ. Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի եւ Ռուսաստանի համատեղ հայտարարության մեջ այդ երկրները դատապարտել էին «մարդկության եւ քաղաքակրթության դեմ Թուրքիայի հանցանքները»։ Որպես Օսմայան կայսրության ցեղասպան մտադրությունների վկայություն՝ փաստաբանը վկայակոչեց հայերի տեղահանության եւ նրանց ունեցվածքի, եկեղեցիների բռնագրավման մասին օսմանյան օրենքները։

Խոսելով Օսմանյան կայսրության վարչապետ Թալեաթ փաշային ու այլ բարձրաստիճան պաշտոնյաներին հայերի զանգվածային կոտորածների համար մեղավոր ճանաչելու եւ  մահվան դատապարտելու՝ թուրքական դատարանի որոշման մասին՝ Քլունին ասաց, որ նրանց այն ժամանակ մեղադրել են ոչ թե ցեղասպանության, այլ զանգվածային կոտորածների մեջ միայն այն պատճառով, որ այդ ժամանակ «ցեղապանություն» եզրույթը դեռ չէր ընդունվել։

Եզրափակելով ելույթը՝ Քլունին ՄԻԵԴ ստորին պալատի՝ Փերինչեքի հայցը բավարարող որոշումը անվանեց «մեկ դար առաջ Օսմանյան կայսրությունում զոհված հայերի հիշատակն անարգող եւ ցեղասպանությունը հերքողներին աջակցող» որոշում։

Հիշեցնենք, որ Ստրասբուրգում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում այսօր՝ հունվարի 28-ին, կայացավ «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով նիստը: «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» (Perincek v. Switzerland, App. no. 27510/08) գործում Հայաստանը եւ Թուրքիան ներգրավված են որպես երրորդ կողմ:

Հիշեցնենք, որ 2008 թ. շվեյցարական դատարանը Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար Թուրքիայի Աշխատավորական կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեքին դատապարտել էր։ Փերինչեքը դիմել էր ՄԻԵԴ եւ նախորդ տարվա  դեկտեմբերին ՄԻԵԴ-ը բավարարել էր Փերինչեքի հայցն ընդդեմ Շվեյցարիայի։

Շվեյցարիան բողոքարկել է ՄԻԵԴ որոշումը, որից հետո Հայաստանը դիմել է ՄԻԵԴ եւ հանդես է գալիս որպես 3-րդ կողմ։ Հայաստանի շահերը ներկայացնում է   փատաբանների հայտնի խումբ` Ջեֆրի Ռոբերթսոնի եւ Ամալ Ռամզի Քլունիի մասնակցությամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՏՀ Խորհուրդը կդիտարկի Մոլդովայի հայտը՝ ԵՏՄ-ին կից դիտորդի կարգավիճակի համար
Այսպիսով, արդեն հաջորդ շաբաթ Մոլդովան կարող է ստանալ այդ կարգավիճակը․․․
ՄԻԵԴ-ում Դողու Փերինչեքի գործով Հայաստանի պահանջները լիովին բավարարվել են. Արման Թաթոյան
Թաթոյանը, պատասխանելով «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հարցին...
Ցեղասպանության ժխտումն արգելելու համար ՄԻԵԴ-ը հայերին հրահրում է բռնության. Հ. Սասունյան
Մեծ պալատը հանգեց որոշ անհիմն եզրակացությունների, որոնք անտրամաբանական են եւ առողջ դատողության մեջ չեն տեղավորվում...
ՄԻԵԴ-ը կարծում է՝ Հոլոքոստը ժխտողը ռասիստ է, իսկ Ցեղասպանությունը ժխտողը՝ ո՞չ. Tagesanzeiger
Փաստորեն ՄԻԵԴ-ի համար փարանջա կրելն ավելի օրինական է, քան մի ողջ ազգի ցեղասպանության ժխտումը...
Թուրքիայի արտգործնախարարության արձագանքն էժանագին շահարկում է. Տիգրան Բալայան
Սա պարզունակ մանիպուլացիա է...
Ամալ Քլունին հիշեցնում է` ՄԻԵԴ–ում խոսքի ազատության ոտնահարման գործերի կեսը հենց Թուրքիայի դեմ է
Փաստաբանի խոսքով` ինքը եւ Ջեֆրի Ռոբերթսոնն այս գործում ներգրավվել են այն պատճառով, որ իրենց մտահոգել է ՄԻԵԴ Ստորին պալատի վճռում առկա գնահատականները...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ