News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը


Եթե մինչեւ փետրվարի 1-ը կառավարությունը չկատարի առեւտրականների պահանջը եւ չդադարեցնի եւ չհրաժարվի «Շրջանառության հարկի մասին» նոր օրենքից, ապա փոքր եւ միջին ձեռնարկատերերը ժամանակավորապես կդադարեցնեն իրենց գործունեությունը։ Այս մասին այսօր՝ հունվարի 29-ին հայտարարեցին օրենքի կասեցում պահանջող առեւտրականները, որոնք նախագահական նստավայրի մոտ մոտ 1 ժամ բողոքի ակցիա անցկացնելուց հետո հեռացան:

Վաղվանից առեւտրականները կսկսեն իրենց ԱՁ-ների գործունեությունը ժամանակավորապես դադարեցնելու մասին՝ հարկային մարմնին ուղղված դիմումներ գրելու գործընթացը։ Դիմումները կհավաքեն ու մեկ փաթեթով կներկայացնեն կառավարությանը։

«Մենք նախաձեռնել ենք կենտրոնական փաստաթղթահավաք, բոլոր անհատ ձեռներեցները կբերեն իրենց դիմումները՝ ուղղված հարկային մարմնին: Կառավարության մոտ դիմումները կհավաքենք մեկ վայրում եւ մեկ փաթեթով կներկայացնենք կառավարությանը: Դիմումում նշված կլինի անհատ ձեռներեցի գործունեության ժամանակավոր դադարեցման մասին: Դրանով մենք կապահովենք մեր գործողությունների իրավականությունը, որպեսզի կարողանանք փետրվարի 1-ից չվճարել հարկերը եւ չենթարկվել նոր օրենքին»,- ասաց ակցիայի մասնակիցներից Արտակ Խաչատրյանը՝ նշելով, որ բողոքը նման կերպ կշարունակվի այնքան, մինչեւ դրական պատասխան ստանալը:

Արտակ Խաչատրյանի խոսքով, եթե որոշ ժամանակ անց խնդիրը չլուծվի, իրենք համընդհանուր գործադուլ, նստացույց եւ անգամ հացադուլ կհայտարարեն:

Ակցիայի մասնակիցները նաեւ մինչեւ վաղը ժամը 11:00-ը ժամանակ տվեցին պատկան մարմիններին իրենց պահանջը բավարարելու եւ օրենքը կասեցնելու ուղղությամբ գործողություններ սկսելու համար։

Հիշեցնենք, որ 2014թ. հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտել «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքը, ըստ որի տոնավաճառների աշխատողները իրենց ապրանքաշրջանառության վերաբերյալ փաստաթղթեր պետք է ներկայացնեն հարկային մարմնին։ Նոր փոփոխությամբ՝ առաջին անգամ փաստաթուղթ չներկայացնելու դեպքում ձեռնարկությունը նախազգուշացում է ստանում, երկրորդ անգամ՝ տուգանվում 20 հազար դրամի չափով, երրորդ անգամ՝ շրջանառության հարկի 5 տոկոսի չափով: Կառավարությունը նոր օրենքը հիմնավորում է խոշոր բիզնեսը հարկային դաշտ բերելու անհրաժեշտությամբ։ Տոնավաճառների աշխատողների բողոքներից հետո միայն հոկտեմբերի 6-ին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է մինչեւ 2015թ. փետրվարի 1-ը հետաձգել «Շրջանառության հարկի»  մասին օրենքում առկա գույքագրման պահանջը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ