News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրը առաջին փաստաթուղթն է, որը ընդունվել է ոչ թե Հայաստանի պետական մարմինների կամ սփյուռի ինչ-որ կառույցի, այլ պետական հանձնաժողովի կողմից, որը ներառում է սփյուռքի բոլոր տարածքային կառույցները: Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում հունվարի 30-ին Մեծ եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը:

Ըստ նրա՝ սա հանգամանալից պատասխան է հատկապես նրանց համար, ովքեր պատմություններ են հորինում, թե Հայաստանի հայերն ու սփյուռքահայերը տարբեր ձգտումներ եւ խնդիրներ ունեն:

«Սա այն միասնականության ցուցիչն է, որը մեր ժողովուրդը դրսեւորում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ», - ասել է Սարգսյանը:

Անդրադառնալով հռչակագրի՝ հայ ժողովրդի իրավական պահանջների մասին 6-րդ կետին՝ նա ընդգծել է. «Մենք հստակ ժամկետներ չենք դրել, թե երբ է պատրաստ լինելու վերջնական փաթեթը, քանի որ իրականում այդ փաթեթի մշակումը շատ լուրջ ներքին աշխատանքներ է ենթադրում եւ համաձայնություն: Երբ մենք խոսում ենք համալիր փաթեթի մասին, դա ենթադրում է  հիմնական մոտեցումներ իրավական պահանջների հանդեպ՝  Հայոց ցեղասպանության հետեւանքները վերացնելու ուղղությամբ: Մենք կարծում ենք, որ տվյալ փուլում դա բավական է պատկերացնելու համար, թե որ ուղղությամբ է շարժվում պետական հանձնաժողովը՝ իրավական պահանջների տեսանկյունից»:

Ինչ վերաբերում է իրավական պահանջները միջազգային դատական ատյաններում ներկայացնելու հնարավոր սցենարին, Վիգեն Սարգսյանը նշել է. «Լինելով միջազգային իրավունքի մասնագետ՝ ես պետական հանձնաժողովի անունից խոսելու պատասխանատվություն չէի ստանձնի: Սակայն տվյալ դեպքում պահանջները ներկայացնելու իրավական ուղիները չպետք է ընկալել միայն իրավական վեճերում»:

Հիշեցնենք, հունվարի 29-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նիստի ավարտից հետո նախագահ Սերժ Սարգսյանը հանձնաժողովի անդամների եւ ընդլայնված նիստի մասնակիցների հետ  այցելել էր Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որտեղ տեղի էր ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի հրապարակման արարողությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ