News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնում, այսօր՝ հունվարի 30-ին, բացվել է «Ս. Սարգիս» խորագրով մանկապատանեկան ցուցահանդեսը:

Ցուցահանդեսի հանդիսավոր բացում կատարեցին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը եւ Գեղագիտության ազգային կենտրոնի տնօրեն Լեւոն Իգիթյանը: Շնորհակալություն հայտնելով ցուցահանդեսի կազմակերպիչներին, ուսուցիչներին ու երեխաներին՝ Սրբազան հայրը մասնավորապես ասաց՝ «Այսօր մենք գտնվում ենք հեքիաթային մի աշխարհում: Այս երեխաների աչքերով մենք նորովի վերարթնացնում ենք ս. Սարգիս կերպարը մեր մեջ: Իրենց հասակում մեզ հեռացրել էին ս. Սարգսից: Մեզ թելադրված հերոսներ էին մեր մտապատկերում ուրվագծվում: Բայց ս. Սարգիսը դարերի միջից վերհառնեց, եւ մեզ հետ միասին այսօր երիտասարդների սիրո արագահաս  բարեխոսը իր տոնակատարումն ունեցավ այս փոքրիկ իշխանիկների հոգիների մեջ: Նրանց աչքերով մենք տեսնում ենք վերարթնացած սիրո արագահաս բարեխոսի պատկերները իրենց կտավների վրա: Պետք է լսել այս երեխաներին. նրանք հետաքրքիր փիլիսոփայության մեջ են ապրում, ապշելու ընկալում ունեն իրենց շրջակա աշխարհի ու երեւույթների հանդեպ: Ափսոսում եմ, որ քիչ առաջ նրանց մեկնաբանությունները, իրենց նկարների բացատրությունները միայն ինձ մոտ մնացին: Փոքրիկ Մարտիրոսին հաճախ կտեսնենք իրենց հասակակիցների գործերի մեջ: 1700 տարուց ավել է անցել, բայց ս. Մարտիրոսին չենք մոռանում: Թող ս. Մարտիրոսը լինի ձեզ համար բարեխոս, որպեսզի կատարվեն ձեր երազանքները»:

Արարատյան Հայրապետական թեմի հետ համատեղ կենտրոնի սաների անսովոր ու գեղեցիկ աշխատանքները, որոնք նվիրված են ս. Սարգսի տոնին, արդեն չորրորդ տարին ներկայցնում են հանրությանը:

Շաբաթներ շարունակ 6-15 տարեկան պատանիներն աշխատելով իրենց ուսուցիչների հետ՝ ստեղծել էին իսկական գլուխգործոցներ: Նրանք հանդիպում են Տ. Նավասարդ Սրբազանի, թեմի քահանաների հետ, լսում սրբի մասին պատմություններ, սիրո ու նվիրումի մասին զրույցներ, որպեսզի կարողանան իրենց աշխատանքներում լավագույնս ներկայացնել ազգային կերպարներ:

Ամեն տարի թեմը մասնակիցներին նվեր է պարգեւում՝ ստեղծագործական այս աշխատանքների կատալոգը տպագրելով: Այս տարի կատալոգից բացի թեմի կողմից նվեր կստանան նաեւ պրոֆեսիոնալ համակարգիչ, որով կենտրոնի սաները կկարողանան ձեւավորել ոչ միայն այս տարվա կատալոգը, այլ նաեւ շատ ուրիշ աշխատանքների ժողովածուներ:

Տպել
Ամենաշատ