News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


«Հիդրոէներգանախագիծ» ինստիտուտի շենքի համասեփականատեր, քաղաքագետների միության նախագահը Հմայակ Հովհաննիսյանը թույլ կտա վթարային դարձած շենքի ամրացման աշխատանքներ իրականացնել միայն քաղաքապետարանի կողմից համապատասխան շինթույլտվության եւ անմիջական վերահսկողության դեպքում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետների միության նախագահը՝ անդրադառնալով «Հիդրոէներգանախագիծ» ինստիտուտի աշխատակիցների այն հայտարարությանը, որ ինքը խոչընդոտում է շենքի վերանորոգման աշխատանքները՝ պատճառաբանելով, թե դրանք կխոչընդոտեն իր գրասենյակի բնականոն գործունեությանը:

«Ես համաձայն եմ, եթե քաղաքապետարանը տա շինթույլտվություն եւ վերահսկի այդ վերանորոգման աշխատանքները , ինչպես ժամանակին վերահսկել է իմ առանձնացված մուտքի կառուցապատումը»,- ասաց Հմայակ Հովհաննիսյանը:

Նշենք, որ «Հիդրոէներգանախագիծ» ինստիտուտի աշխատակիցները Հմայակ Հովհաննիսյանին մեղադրում են առանձնացված մուտք կառուցելու նպատակով ապօրինաբար տարածք զավթելու եւ շենքը վթարային վիճակի հասցնելու մեջ: Իսկ քաղաքագետը պնդում է, որ այդ մուտքը կառուցվել է տասը տարի առաջ՝  ինստիտուտի նախկին տնօրեն Արմեն Գրիգորյանի խնդրանքով, եւ այն ժամանակ քաղաքապետ Երվանդ Զախարյանի, գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանի իմացությամբ, ինչպես նաեւ  քաղաքապետարանի շինվարչության պետի՝ Հրայր Սարգսյանի անհրաժեշտ թույլտվությամբ եւ վերահսկողությամբ:

«Այդ պատը կառուցվել է տնօրեն Արմեն Գրիգորյանի խնդրանքով, քանի որ իմ գրասենյակում սալիկապատման աշխատանքներ էին տարվում, միջանցքում դրված էր հաստոց, ամբողջ փոշին իրենց մոտ էր անցնում, կառուցեցի, որպեսզի իրենք կարողանան հանգիստ աշխատել։ Բայց դե 10 տարի է անցել, հո ես Պեպոյի օրը չե՞մ ընկել, որ Զիմզիմովն ասում ա՝ բարաթն ու՞ր ա, 10 տարի ես հո էդ թույլտվությունը չե՞մ պահելու բարձիս տակ»,- ասաց քաղաքագետը։

«Հիդրոէներգանախագիծ» ինստիտուտի աշխատակիցները վստահեցնում են, որ շենքը վթարային վիճակի է հասցրել Հմայակ Հովհաննիսյանի առանձնացված մուտքի կառուցումը. քանդված է հենասյունը` 80 սմ-ից 60 սմ-ը տաշված է, ինչի պատճառով բազմաթիվ ճաքեր են առաջացել 1-ին հարկից մինչեւ 4-րդ հարկ, շենքի հիմնասյունը ամրացման կարիք ունի:

Հմայակ Հովհաննիսյանն իր հերթին նշում է, որ 2012 թ. «Հիդրոէներգանախագիծ»  ինստիտուտի  բաժնետոմսերը գնել է Սենիկ Ջուլհակյանը՝ սեփականաշնորհելով նաեւ ընդհանուր օգտագործման տարածքներ, ավերել աստիճանավանդակները եւ առանձնացված մուտքը։

«Սենիկ Ջուլհակյանը քանդել տվեց առանձնացված մուտքը, աստիճանավանդակները, բայց քանի տարի է՝ չի վերակառուցում այդ քանդածը: Ուղղակի նա բիզնես պլաններ ունի. ցանկանում է ամբողջ շենքին տիրանալ եւ ուզում է մեզ այստեղից դուրս հանել»,- ասաց Հմայակ Հովհաննիսյանը՝ եւս մեկ անգամ ավելացնելով, որ ինքը դեմ չէ վերանորոգման աշխատանքներին, սակայն միայն անհրաժեշտ թույլտվության դեպքում:

Տպել
Ամենաշատ